Շուշիում տեղի է ունեցել «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության համատեղ նախաձեռնությամբ այսօր Շուշիում կայացել է լիբանանահայ պատմաբան Երվանդ Փամբուկյանի «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:
Շուշիում տեղի է ունեցել «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա արժևորել է Ե. Փամբուկյանի կատարած ծավալուն աշխատանքը:
Նախարարն ասել է, որ Արամ Մանուկյան անհատն իր մնայուն գործունեությամբ, պետականության կորստից հետո, կարողացել է ստեղծել նոր հայրենիք, որը մեծ դեր խաղաց հայության համար:
«Բավականին երկար ժամանակ հայությունը զրկված էր անկախությունից, բայց, ի դեմս Արցախի, Սյունիքի մելիքությունների, հյուսիս-արևելյան նահանգներում դեռևս պահպանվում էին պետականության սաղմերը: Ծնված լինելով Շուշիում, որպես ազգային-ազատագրական շարժման գործիչ՝ Ա. Մանուկյանը կարողացել է Վան-Վասպուրականում 72 օրվա ընթացքում ստեղծել պետական կառավարման համակարգ: Այդ տարիների փորձը հետագայում նա կիրառել է Ներքին գործերի նախարարությունում աշխատելու տարիներին»,-ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:
Երվանդ Փամբուկյանն իր խոսքում ասել է, որ գրքում զետեղված է Արամ Մանուկյանի տասնամյա նամակագրությունը` ամբողջական բովանդակությամբ ու ժամանակագրական հերթականությամբ. այն ընդգրկում է 1904-1915 թվականները:
Հեղինակը նշել է, որ տպագրված նամակները նոր շունչ կհաղորդեն ու կվկայեն այն բախտորոշ դերակատարության մասին, որ Ա. Մանուկյանը ունեցել է ազգային-ազատագրական պայքարում՝ հատկապես հաղթանակով պսակված Վան-Վասպուրականի հայության ինքնապաշտպանության գործի մեջ:
«Գրքում զետեղված շուրջ 400 նամակները վերաբերվում են Հայ Հեղփոխության ամենատագնապալի ու բախտորոշ ժամանակաշրջանին, երբ հայ ժողովրդը պայքար էր մղում իր ապագայի համար: Գիրքը հրատարակվել է 10 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Այդ տարիների ընթացքում ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ այն բոլոր թղթածրարները, որտեղ հնարավոր էր գտնել Ա. Մանուկյանի գրչին պատկանող գրություններ: Արամ Մանուկյանի առաջին նամակները թվագրված են 1904 թվականի նոյեմբերին, այն ժամանակ, երբ նախքան Վան անցնելը նա ժամանակավորապես մնում էր Իրանի Ատրպատական նահանգում:Սովորաբար նրա ձեռագրերի ընթերցումը, որոնք հիմնականում պահվում էին Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական արխիվում, մասնավոր դժվարություն չի ներկայացրել:Այն ձեռագրերն են միայն եղել դժվար ընթեռնելի, որոնք խոնավության պատճառով հնացել ու խամրել են: Գրքում հրատարակված նամակների հասցեատերերի անուններն ու տեղանունները գրված են ծածկանուններով»,-մասնավորապես ասել է գրքի հեղինակը:
Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Արարատ Վարդանյանն էլ ասել է, որ Ա. Մանուկյանն իր հեղափոխական գործունեությունը սկսել է Շուշիի թեմական դպրոցում սովորելու տարիներին: Նա մեծ հայրենասեր էր, երկրի արժանի զավակ, ազնիվ, հեռատես քաղաքական գործիչ: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի պայքարի գործին:
Ա. Վարդանյանը հավատացած է, որ ընթերցողները, ուսումնասիրելով այս գիրքը, դասեր կքաղեն Ա. Մանուկյանի կյանքից ու գործունեությունից:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, հյուրեր արտերկրց, արվեստասեր հասարակություն և այլք: