ՊՆ մասնագետները Սիրիայում մարտական խնդիրներ չեն կատարելու. Դավիթ Տոնոյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարցը վերջին օրերի ընթացքում շատ է արծարծվում, ցանկանում եմ միանշանակ հայտարարել, որ մենք պլանավորում ենք Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։
ՊՆ մասնագետները Սիրիայում մարտական խնդիրներ չեն կատարելու. Դավիթ Տոնոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Մեդիամաքս»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Բնականաբար, պաշտպանության նախարարության մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետեւաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ:
Մեր անմիջական ազգային շահերից բխող տվյալ նախաձեռնությունը իրավաբանական բանավեճերի չվերածելու նպատակով ուղղակի շեշտեմ, որ այս դեպքում ՀՀ տարածքից դուրս ՀՀ զինված ուժերի կիրառման մասին խոսք լինել չի կարող, քանի որ ինչպես արդեն նշեցի՝ հայ մասնագետները Սիրիայում կատարելու են բացառապես հումանիտար խնդիրներ մարտական գործողություններից դուրս տարածքներում, մասնավորապես՝ Հալեպ քաղաքում»,- նշել է Դ. Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ նախատեսվում է Սիրիա գործուղել մինչեւ 100 մասնագետների՝ այս տարվա ընթացքում: