Ստեփանակերտում կազմակերպել է հայրենադարձ սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք (լուսանկարներ)
«Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում այսօր առաջին անգամ կազմակերպվել է հայրենադարձ սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Ստեփանակերտում կազմակերպել է հայրենադարձ սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,սեպտեմբերի14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսին ներկայացված էր սիրական մշակույթը՝ ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հագուստ, ինչպես նաև համեմունքներ և քաղցրավենիք:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Ներսես Քեվոն ասել է, որ ցուցահանդես-տոնավաճառին ձևավորվել է 17 տաղավար:
«Մասնակիցներից շատերն Արցախում չեն եղել, և նրանց համար մեծ պատիվ է այստեղ լինել: Սիրիահայերը հմուտ արտադրողներ են, սակայն նրանց հիմնական խնդիրը վաճառքի շուկա գտնելն է: Մեր կազմակերպությունը տարիներ շարունակ հանդես է եկել որպես հարթակ, որը նպաստում է հայկական բիզնես միջավայրին հայրենադարձ ձեռնարկատերերի և գործարարների ինտեգրմանը: Մեզ համար շատ կարևոր է, որ սիրիական մշակույթը ներկայացնենք արցախցիներին: Ընթացքում էլ հնարավորություն ենք ունենում ծանոթանալու Արցախի մշակույթին: Ուսումնասիրում ենք նաև Արցախի շուկան՝ մեր ձեռքի աշխատանքները վաճառելու համար»,-ավելացրել է ՀԿ նախագահը և տեղեկացրել, որ հետագայում իրենք նպատակ ունեն նման նախաձեռնությամբ նորից լինել Արցախում, ինչպես նաև համագործակցել տեղի արտադրողների հետ:
Ցուցահանդեսին մասնակից Մարալ Շեոհմելյանն էլ ասել է, որ ինքն առաջին անգամ է Արցախում և իր համար պատիվ է արցախցիներին ներկայանալը:
«Մեզ համար հաճելի է, երբ հաճախորդները քաջալերում և հավանության են արժանացնում մեր մշակույթը: Ցուցադրության եմ դրել իմ հեղինակային ձեռագործ աշխատանքները: Զբաղվում եմ նաև կարպետագործությամբ, գորգագործությամբ, թաղիքագործությամբ: Մենք ամենուր պահպանում և տարածում ենք Արևմտյան Հայաստանի մշակույթը: Արցախի մշակույթի մասին միայն գիտեմ գրքերից ու համացանցից»,-ավելացրել է Մ. Շեոհմելյանը:
Նրա խոսքով՝ իրենք Արցախում հասցրել են լինել մի քանի պատմամշակութային վայրերում: