Մարտական հերթապահությունն ընթանում է բնականոն հունով. գումարտակի հրամանատար
Արցախի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել ենք Պաշտպանության բանակի արևելյան առանջագիծ: Ինչպես վստահեցնում է գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ալիկ Ղանդիլյանը, մարտական հերթապահությունն ընթանում է բնականոն հունով, զինծառայողներն էլ իրենց ունեցած հմտությունների ու կարողությունների շնորհիվ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման:
Մարտական հերթապահությունն ընթանում է բնականոն հունով. գումարտակի հրամանատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Զինծառայողները մշտապես իրականացվող դիտարկումների ընթացքում արձանագրում են հակառակորդի ցանկացած շարժ և զեկուցում ըստ վերադասության` ամենայն պատասխանատվությամբ և առավելագույն զգոնությամբ կատարում իրենց վստահված առաքելությունը:
Սերժանտ Լյովա Սարգսյանը Պաշտպանության բանակում ծառայում է մոտ 20 ամիս. ունեցած փորձն ու գիտելիքներն էլ օգտագործում է նորեկներին ուսուցանելու և մարտական հերթապահության առօրյան ճիշտ կազմակերպելու ուղղությամբ:
Մարտական հերթապահության ընթացքը մշտապես վերահսկվում է վերադաս հրամանատարության կողմից, իրականացվում են ստուգումներ ու այցելություններ, ըստ այդմ ի հայտ եկած խնդիրների դեպքում տրվում են անհրաժեշտ լուծումներ: Առաջնագծի և մեր անկախության պահապանները վստահություն են հայտնում, որ դիրքում տիրող առողջ բարոյահոգեբանական մթնոլորտում, եղբայրական ջերմ միջավայրում որևէ խնդիր չի առաջանում: Մեկը մյուսին թև ու թիկունք կանգնած` պաշտպանում են հայրենիքի սահմանները:
Ոչ հեռու թիկունքում մարտական հերթապահություն են իրականացնում նաև հրետանային ստորաբաժանումները, ովքեր բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածության շնորհիվ վստահ են, որ հակառակորդի յուրաքանչյուր սադրանք կկարողանան կանխել և հուժկու հակահարված հասցնել` այս առումով ևս ապահովելով երկրի անվտանգությունը:
Անկախության գաղափարի այսօրվա կրողներն ու պահապանները գիտակցում են իրենց հայրերի ու պապերի կատարած սխրանքները և տրամադրված են վճռականորեն` մեր ազգային ու պետական կարևորագույն արժեքների հարատևությունը այսուհետ ևս ամեն գնով պահպանելու և գալիք սերունդներին փոխանցելու առումով: