Ստեփանակերտում տեղի է ունեցել միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովի փակման արարողություն
Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի, «Վալլեքս գարդեն հոթել» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունների աջակցությամբ «Վալլեքս գարդեն հոթել»-ի նիստերի դահլիճում այսօր կայացել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովի փակման արարողությունը:
Ստեփանակերտում տեղի է ունեցել միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովի փակման արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանն ասել է, որ երկօրյա գիտաժողովի արդյունքները գոհացուցիչ են:
Նրա խոսքով՝ 2016 թվականին առաջին անգամ նման գիտաժողովի կազմակերպմանը ներկայացվել է 77 զեկույց, իսկ այս անգամ արդեն 105:
«Հաճելի է, որ տարեցտարի գիտաժողովի մասնակիցների թիվն ավելանում է. դա վկայում է այն մասին, որ աշխարհի տարբեր երկրների գիտնականներ և մասնագետներ հետաքրքված են Արցախում տեղի ունեցող գիտական քննարկումներով: Գիտաժողովն անցել է ջերմ ու հանգիստ մթնոլորտում, արդյունքում ձեռք ենք բերել նոր ընկերներ, որոնց հետ մշակել ենք որոշակի ծրագրեր»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
Երևանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանի խոսքով՝ գիտաժողովի զեկուցումներն ընդգրկում էր հայոց պատմության գրեթե բոլոր շրջափուլերը և հարակից հիմնահարցերը:
«Ուրախալի էր տեսնել երիտասրադ գիտնականների մեթոդական պատրաստվածությունը, կատարած հետազոտությունները, կարծիք արտահայտելու հմտությունները: Նման գիտաժողովները նպաստում են երիտասարդ գիտնականների կայացմանը:
Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանն էլ ասել է, որ գիտաժողովը մասնակիցների թվով աննախադեպ էր:
«Ողջունելի է, որ գիտաժողովին մասնակից երկրների աշխարհագրությունը մեծանում է, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Գիտաժողովին ներկայացված թեմաները եղել են արդիական, հետաքրքիր»,-նշել է Գ. Բալասանյանը:
Գիտաժողովի վերջում մասնակիցներին հանձնվել է հավաստագրեր, որից հետո հյուրերը մեկնլ են Հադրութի շրջանի Տողի մելիքական ապարանք՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված Արցախյան գինու հինգերորդ փառատոնին: