Մարտունակ բանակ ունենալու երաշխիքներից մեկը պատրաստված և գրագետ հրամանատարներն ունենալն է. զինծառայող
Շարքային Դավիթ Հակոբյանը շուրջ մեկ տարի է, ինչ ծառայում է Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Զինծառայող Դ. Հակոբյանն ապագա հոգեբան է: Վերջինս ուսումը կիսատ է թողել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում:
Մարտունակ բանակ ունենալու երաշխիքներից մեկը պատրաստված և գրագետ հրամանատարներն ունենալն է. զինծառայող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: «Նախքան բանակ գալս ծառայությունը պատկերացնում էի ծիածանի գույների ներքո: Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած ընկերներս իրենց ծառայության մասին պատմելիս մշտապես մեծ հիացմունքով են խոսել բանակի մասին` կարևորելով հայրենիքի պաշտպանությունը: Հետո, երբ զորակոչվեցի բանակ, պատկերացումներս փոխվեցին, սկսեցի կյանքին նայել մի ուրիշ աչքերով: Հեշտ չէ երկար ժամանակ մոռանալ քաղաքացիական կյանքը, ընկերներին, սիրած աղջկան»,- ասում է Դավիթն ու հավելում, որ բանակային դժվարությունները հաղթահարելի են, որոնք նաև կոփում են մարդուն, դարձնում լիարժեք տղամարդ:
Դավիթ Հակոբյանն անկեղծանում է, որ մեծ պատասխանատվությամբ և հպարտության մեծ զգացումով է ստանձնել հայրենիքի պաշտպանի գործը և ասում է. «Ծառայության ընթացքում սկսել եմ ավելի թանկ գնահատել կյանքը և բոլոր այն հնարավորությունները, որոնք տրվում են կյանքի ընթացքում: Այդ գիտակցումն ինձ օգնում է ավելի մտածված իրականացնելու ծառայությունս, ինչպես նաև ծառայողական պարտականություններս կազմակերպել այնպես, որ ծնողներս հպարտ լինեն, որ իրենց որդին զինվոր է և ծառայում է բանակում»:
Ըստ շարքային Դ. Հակոբյանի` բանակը կյանքի այնպիսի մի դպրոց է, որտեղ սեփական սխալները վերլուծելով, սովորում ես քեզ ճիշտ դրսևորել անգամ ամենադժվարին իրավիճակներում: Դավիթն այս համոզմունքին է եկել, երբ մտել է բուն ծառայության մեջ, հասկացել ինչպես իր, այնպես էլ զինակից ընկերների մարդկային տեսակներն ու հնարավորությունները:
Դավիթն այժմ ծառայությունն իրականացնում է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումում: Ասում է` մեծ պատասխանատվություն է ծառայել մի պաշտպանական շրջանում, որտեղ կռվել ու մարտնչել է լեգենդար հրամանատարը` Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:
«Առաջին անգամ, երբ բարձրացա դիրքեր, ավելի փորձառու դիրքապահներից հետաքրքրվեցի, թե որտեղ է կռվել Մոնթեն… Մինչ բանակ գալս շատ եմ կարդացել նրա մարտական գործողությունների ու հերոսական քայլերի մասին»,-ասում է Դավիթը:
Շարքային Դ. Հակոբյանը գիտակցաբար և աչալրջորեն է կատարում իր ծառայությունը: Գումարտակի վարորդը պարբերաբար ստանձնում է նաև դիրքապահի պարտականությունները: Ասում է` յուրաքանչյուր հայ տղա պետք է անցնի ծառայության դժվարությունների թոհուբոհի միջով, իրականացնի մարտական հերթապահություն, կանգնի առաջնագծում և հասկանա, թե հայրենիքն ինչ բան է, և ինչ է պետք անել այդ հայրենիքը պահպանելու և պաշտպանելու համար:
«Մարտունակ բանակ ունենալու երաշխիքներից մեկն է նաև ունենալ պատրաստված և գրագետ հրամանատարներ: Հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը սերտած սպաները պետք է սեփական օրինակով ցույց տան, թե ինչպես է պետք ծառայել հայրենիքին, ինչպես նաև զինվորների հետ առօրյա շփումներն այնպես կազմակերպեն, որ ծառայության հանդեպ զինվորի տրամադրվածությունն էլ ավելի մեծանա»,- նկատում է շարքային Հակոբյանն ու ավելացնում, որ հնարավոր բոլոր առիթների դեպքում ծառայակից ընկերների հետ խոսում է այդ մասին, քննարկում հաջողության հասնելու բոլոր հնարավոր ուղիները:
Ինչ վերաբերում է հոգեբանի մասնագիտությանը, ապա Դավիթն ասում է, որ հոգեբան դառնալու մասին երազել է մանկուց: Բանն այն է, որ շարքային զինծառայողը շատ է ցանկանում բացահայտել մարդուն, նրա հուզականությունը, հոգեկան ներաշխարհը. «Թեև չեմ հասցրել մասնագիտական կրթություն ստանալ, բայց ծառայությանս ընթացքում ամեն կերպ փորձում եմ օգնել ծառայակից ընկերներիս` դուրս գալու հոգեբանական դժվարին իրավիճակներից»:
Զրույցի ավարտին Դավիթ Հակոբյանը բոլոր ծնողներին կոչ է անում զինվել համբերությամբ, լծվել հպարտության զգացումով, չէ որ նրանց որդիները պահում և պաշտպանում են հայրենիքի սահմանները, իսկ նրանց սիրելիներին` ցանկանում համբերություն և հավատարմություն: