Համաձայն Պաշտպանության բանակի 2018 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի` ՊԲ միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ են ունեցել բարձրացնել վերոնշյալ օղակի սպաների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները:
ՊԲ-ում անց են կացվել հրամանատարական հավաքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Հավաքի մասնակիցներին հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են վերոնշյալ սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթերի մշակման, ստորաբաժանումների ղեկավարման և համակողմանի ապահովման խնդիրներին:
Հավաքի մասնակիցների հետ մարտավարական ու մասնագիտական տարբեր թեմաներով դասախոսություններ ու գործնական պարապմունքներ են անցկացրել նաև ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները:
Ըստ համապատասխան խմբերի առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրակային ու ֆիզիկական, տեխնիկական պատրաստություն առարկաներին, իրականացվել են տարբեր վարժանքներ ու մարզումներ:
Հավաքին ընդգրկված սպայակազմի համոզմամբ` նմանատիպ միջոցառումները հիանալի առիթ են ևս մեկ անգամ անցածը վերհիշելու, ծանոթանալու ՊԲ-ում ներդրված նորագույն սարքավորումներին ու զինտեխնիկային, փորձի փոխանակման և կոլեկտիվ մթնոլոտում վեր հանելու առօրյա գործունեության ընթացքում ծագող հարցերն ու խնդիրները և դրանց ուղղությամբ առաջարկել լուծումներ:
Բացի վերոնշյալ պարապմունքներից, հավաքի մասնակիցները մարտավարամասնագիտական առարկաներից հանձնել են ստուգարքներ, որոնց հետևել ու անհրաժեշտ մեթոդական օգնություն են ցուցաբերել բանակի շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Հավաքների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հատկապես այն հարցերին, որոնք առնչվում են մարտական հերթապահությանը և ստորաբաժանումների մարտական պատրաստականությանը:
Հավաքների ավարտին իրականացվել է արդյունքների ամփոփում, վեր են լուծվել 5-օրյա պարապմունքների ընթացքում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, անդրադարձ է կատարվել նաև անցնող ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած բացթողումներին ու թերացումներին, որոնց վերաբերյալ ՊԲ հրամանատարությունը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
Հրամանատարական հավաքների ընթացքում նաև ճշգրտվել ու հստակեցվել են այն բոլոր խնդիրները, որոնք մասնակից հրամկազմի գործունեության առանցքում պետք է լինեն բանակային ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում: