Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ (լուսանկարներ)
Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ծրագրի շրջանակներում, այսօր Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոց և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն:
Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի N 1 հիմնական դպրոցում պատվիրակության անդամներին աշակերտները դիմավորել են ազգագրական պարերով:
Հյուրերը շրջել են կրթօջախով, մասնակցել տարբեր դասարաններում կազմակերպված ֆրանսերենի բաց դասերին, շփվել ուսուցիչների և աշակերտների հետ:
Մեզ հետ զրույցում դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Իրինա Թադևոսյանն ասել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ կրթօջախում, որպես երրորդ օտար լեզու, ուսուցանվում է ֆրանսերենը:
«Շնորհիվ դպրոցի ֆրանսերեն լեզվի ուսուցիչների տքնաջան աշխատանքի՝ աշակերտները մեծ սիրով են ուսումնասիրում ֆրանսերենը: Դպրոցում ունենք կահավորված ֆրանսերենի դասասենյակ: Մեր ուսուցիչներն ու աշակերտներն այցելում են նաև Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամ, որտեղ ավելի խորացված են սովորեցնում ֆրանսերենը: Այնտեղ, կազմակերպելով տարբեր միջոցառումներ, այցելուները մոտիկից հաղորդակցվում են նաև ֆրանսիական մշակույթին: Աշակետները կարողանում են ազատ խոսել ֆրանսերեն, ու ֆրանսերենով ներկայացնել Արցախի մշակույթը և առօրյան»,-ավելացրել է փոխտնօրենը և հավելել, որ իրենց դպրոցը պարբերաբար հյուրեր է ընդունում Ֆրանսիայից:
Պատվիրակության կազմում ընդգրկված Վալանս քաղաքի փոխքաղաքապետ Ֆրանկ Դոմասի խոսքով՝ Ստեփանակերտի և Վալանսի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում սա իր երրորդ այցն է Արցախ:
Նա տեղեկացրել է, որ իրենք Արցախ են ժամանել 50 հոգանոց կազմով, որոնց մեջ զգալի թիվ են կազմում ֆրանսիացիները. նրանցից շատերն առաջին անգամ են այցելում Արցախ ու Հայաստան:
«Սերտ են մեր կապերն Արցախի հետ: Մենք շատ ուրախացանք, երբ տեսանք թե ինչքան շատ բան գիտեն աշակերտները Ֆրանսիայի մասին: Նրանք կարողացան ֆրանսերենով ազատ խոսել մեզ հետ: Չնայած սահմանին ունեցած լարվածությանը, արցախցիները կարողանում են կառուցել, վերակառուցել ու էլ ավելի զարգացնել այս գողտրիկ երկիրը: Շատ է փոխվել Արցախը, երբ համեմատում եմ երեք տարի առաջ իմ տեսած Արցախի հետ մեծ տարբերություն եմ զգում: Ասեմ, որ մենք շատ բան ունենք սովորելու արցախցիներից: Մենք ցանկանում ենք մեր համագործակցությունն էլ ավելի խորացնել՝ մանավանդ մշակութային միջոցատումների շրջանակներում: Հոգով ու սրտով մենք միշտ Արցախի ու արցախցիների հետ ենք»,-մասնավորապես ասել է Ֆ. Դոմասը:
Դպրոցում կազմակերպված բաց դասերի լսումներից հետո հյուրերն այցելել են Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակ, որտեղ ծաղիկներ են խոնարհել «Հավերժություն» քանդակին՝ ի հիշատակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի:
Այնուհետև պատվիրակությունը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ֆրանսիական քաղաքակրթությանը նվիրված ձեռքի աշխատանքների և նկարչության ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ի ցույց դրել Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու դպրոցների աշակերտները և Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:
Միջոցառման ժամանակ ֆրանսիացի հյուրերը ծանոթացել են հայկական մշակույթին, ներկա գտնվել իրենց պատվին կազմակերպված համերգին, որի ընթացքում ներկայացվել են ֆրանսիական և հայկական երգեր և պարեր: