Թուրքական CNNTurk հեռուստաալիքով երեկ երեկոյան հեռարձակված «Ինչ է տեղի ունենում» ծրագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բռնապետ են անվանել, ինչն Ադրբեջանում աղմուկի պատճառ է դարձել:
Թուրքական հեռուստաալիքը Ադրբեջանի նախագահին բռնապետ է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ օրակարգային խնդիրների շուրջ քննարկումների ժամանակ «Ենի շաֆագ» թերթի լրագրող Մուստաֆա Աքյոլը, խոսելով Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլահ Գյուլենի կրթական հասատատությունները Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ փակելու մասին, ասել է, որ ինքը դեմ է նման հասարակական անհրաժեշտություն ներկայացնող հաստատությունների փակմանը, և նաև այն բանին, որ անցյալ տարի Բաքու կատարած այցին Էրդողանը գյուլենական դպրոցները փակելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել նաև «Ադրբեջանի բռնապետ նախագահի» հետ:
Մուստաֆա Աքյոլը Թուրքիայում հայտնի լրագրող Թահա Աքյոլի որդին է: Թահա Աքյոլը ևս հաղորդում է վարում CNNTurk-ում:
CNNTurk-ը հայտնի է Ադրբեջանի հետ կապված իր ճշմարտացի տեղեկատվությամբ: Երկու ամիս առաջ Ադրբեջանի մասին մի հաղորդման ժամանակ հեռուստաալիքն այդ երկրի քարտեզը ցուցադրել էր առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծին մոտ հայկական ուղղաթիռի` Ադրբեջանի զինուժի կողմից խոցվելու մասին լուրը հայտնելու ժամանակ ևս հեռուստաալիքը ԼՂ-ն ներկայացրել էր որպես անկախ պետություն: