Ստեփանակերտում կազմակերպվել է «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով ցուցահանդես
«Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» (YMCA) երիտասարդական հասարակական միջազգային կազմակերպության Արցախի մասնաճյուղի և «Ամերիկայի հայկական համագումար» համաամերիկյան հայկական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում կազմակերպվել է «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով ցուցահանդեսը:
Ստեփանակերտում կազմակերպվել է «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով ցուցահանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ցուցահանդեսին ներկայացված էր նաև 1915 թվականի Օսմանյան Կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում կատարված ցեղասպանության և Ռուսական Կայսրության տիրապետության ներքո գտնվող Արևելյան Հայաստանում վայրագությունների աղետալի հետևանքների մասին փաստագրական նյութեր՝ պատմական լուսանկարներով և ժամանակակից փաստաթղթերով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» (ԵՄՔԱ) ՀԿ-ի Արցախի մասնաճյուղի նախագահ Դավիթ Մելքումյանը:
Նա կարևորել է Արցախում կազմակերպվող նման միջոցառումը և արժևորել ցուցադրվող բացառիկ փաստերի մատուցումը:
«Այս ցուցահանդեսը վերարտադրում է Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում հայերին բազում արհավիրքներից փրկած երկու ամերիկացի ԵՄՔԱ-ի կամավորականներ Ջոն Էլդերի և Ջեյմս Էրրոլի գործադրած գերմարդկային ջանքերի պատմությունը՝ ներկայացված Էլդերի անձնական օրագրի, նրա պահպանած բնօրինակ ծառայողական փաստաթղթերի ու նրա մակագրած լուսանկարների հիման վրա»,-նշել է Դ. Մելքումյանը՝ ավելացնելով, որ «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» ՀԿ-ն սկիզբ է առել 1844 թվականին և հանդիսանում է աշխարհի ամենահին երիտասարդական կառույցը: Վերջին տվյալներով կազմակերպությունում ավելի քան 45 միլիոն մարդ կա գրանցված: Ի դեպ, Արցախում ՀԿ-ն գրանցվել է 2004 թվականից և այս տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ:
Ցուցահանդեսին ներկա «Ամերիկայի հայկական համագումար» համաամերիկյան հայկական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանն ասել է, որ Ջոն Էլդերի թոռներն իրենց նկուղային հարկերում գտել են իրենց պապիկի թողած Հայոց Ցեղասպանության տարիներից մնացած փաստաթղթեր և նկարներ:
«Թոռները դիմել են Ամերիկայում գործող «Հայկական ազգային ինստիտուտ» կազմակերպության տնօրեն Ռուբեն Ավդալյանին: Վերջինիս ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ դրանք բացառիկ և թանկարժեք վավերագրական փաստաթղեր են, որոնք վերաբերում են 1918-1920 թվականներին: Պարզվել է, որ Ջոն Էլդերը և Ջեյմս Էրրոլը, ԵՄՔԱ կենտրոն բացելու նպատակով, 1918 թվականի հունվարին Ամերիկայից ժամանել են Երևան: Երիտասարդներն իրենց նպատակը իրականություն են դարձրիել նույն թվականի փետրվարի 11-ին: Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ առաջնագծում իրավիճակի վատթարացումից հետո իրենք Երևանում մնացած միակ ամերիկացիներն են լինելու՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի հնարավորության: Ջոն Էլդերը և Ջեյմս Էրրոլն այդ ժամանակ 20 տարեկան էին: Նրանք կարողացել են փրկել Արևմտյան Հայաստանից գաղթած տասնյակ հազար որբերի, օգնել հարյուրավոր մարդկանց, բացել գործարաններ, ստեղծել աշխատատեղեր, որպեսզի մարդիկ կարողանային ապրել: Հայաստանի կառավարությունը նրանց համարել է հերոսներ և հայ ժողովրդի ամենամոտ բարեկամներ: Ցուցահանդեսն առիթ է, որ բոլորս իմանանք թե 100 տարի առաջ ամերիկացիները ինչ մեծ ջանքեր գործադրելով են կարողացել օգնության ձեռք մեկնել տարաբախտ հայերին»,-մասնավորապես ասել է Ա. Վարդանյանը և հավելել, որ ցուցահանդեսը կազմակերպվել է նաև Երևանում:
Եվրոպայի «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա»-ի գործադիր քարտուղար Վարդան Համբարձումյանի խոսքով՝ Ջոն Էլդերը և Ջեյմս Էրրոլը հայ ժողովրդի հետ տոնել են նաև 20-րդ դարի Սարդարապատի պատմական հերոսամարտի հաղթանակը և Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:
«Ամերիկացիների այս պատմությունը մեր կազմակերպության կողմից իրականացված միակ հերոսական դրվագը չէ: Կազմակերպության անդամները նաև Օսմանյան Կայսրությունում են կատարել այլ մարդասիրական աշխատանքներ: Սրանով մենք ցույց ենք տալիս ամերիկյան մարդասիրական օգնության վճռորոշ դերը Հայաստանում մեկ դար առաջ: Այն ժամանակներից սկսած է դեռևս հիմք դրվել ամերիկացիների և հայերի բարեկամությանը»,-ասել է Վ. Համբարձումյանը:
Նա ավելացրել է նաև, որ ցուցահանդեսին ներկայացված 95 լուսանկարներից 64-ը՝ Ջոն Էլդերի լուսանկարների հավաքածուից են, 8-ը՝ ժամանակակից արձանագրություններ ու փաստաթղթեր, իսկ 4-ն էլ՝ քարտեզներ: Էլդերի օրագրի անգլերեն լեզվով թվով 32 մեջբերումները, որոնք վավերացնում են ներկայացված լուսանկարներում երևացող ապացույցները, ինչպես նաև ներածական և բացատրական տեքստը լույս են սփռում նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին տարիների իրադարձությունների վրա: Ցուցադրությունում ներառված է լուսանկարների մի ամբողջ շարք, որը պատմում է Էլդերի Հայաստանում ապրած տարիների մասին:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ արտաքին գործերի նախագահ Մասիս Մայիլյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, կազմակերպությունների անդամներ և հյուրեր, ովքեր շրջել են ցուցասրահով և ծանոթացել ներկայացված փաստագրական նյութերին: