Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում իրականացրել են անվճար հետազոտություններ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի և «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկ-մասնագետները «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում, անվճար իրականացնրել են կրծքագեղձի սոնոգրաֆիա և մամոգրաֆիա, վահանաձև գեղձի և հոդերի սոնոգրաֆիա, դուպլեքս, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, նյարդաբանի և ռևմատոլոգի հետազոտություններ և խորհրդատվություններ:
Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում իրականացրել են անվճար հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ասել է, որ իրենք արդեն 8-րդ անգամն է, ինչ Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ:
«Մեր այցի ընթացքում կատարվող սկրինինգային հետազոտությունների արդյունքում մենք հայտնաբերում ենք վահանաձև գեղձի և կրծքագեղձի հատվածներում քաղցկեղածին բջիջներ, որոնց վաղ հայտնաբերման դեպքում կարողանում ենք կանխարգելել, բուժել և փրկել մարդկային կյանքեր: Այս անգամ մենք «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի մասնագետների հետ միասին ենք իրականացնում հետազոտություններ, որոնք ավելի արդյունավետ են և կարևոր»,- ավելացրել է Խ. Հակոբյանը:
Ըստ տնօրենի՝ կանանց հիվանդությունների աղյուսակում կրծքագեղձի քաղցկեղից մահացածությունների թիվն առաջին տեղում է: Վերջին շրջանում հիվանդների մոտ մեծ թիվ է կազմում նաև վահանաձև գեղձի քաղցկեղը:
«Վահանաձև գեղձը կառավարում է մեր ամբողջ օրգան-համակարգերը, իսկ կրծքագեղձը, լինելով հորմոն-կախյալ օրգան, շատ հաճախ խնդիրներ է առաջացնում հենց վահանաձև գեղձի վատ աշխատանքի արդյունքում: Մեր հետազոտությունների ընթացքում, եթե նկատում ենք վահանաձև գեղձի որևէ շեղում, ապա միանգամից կատարում ենք ավելի լուրջ հետազոտություններ՝ կանխարգելելով քաղցկեղածին հիվանդությունները»,- նշել է Խ. Հակոբյանը:
«ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Ինեսսա Նազարյանն էլ ասել է, որ իրենք արդեն 5-րդ անգամ են Արցախի բնակչությանը մատուցում անվճար հետազոտություններ:
«Այս անգամ մեր կենտրոնից Ստեփանակերտ են այցելել ռևմատոլոգ և նյարդաբան: Մեր նախորդ այցերի ժամանակ նկատել ենք, որ կան մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ունեն ռևմատոլոգի կարիք:«Էկոսենս» ախտորոշման կենտրոնը հագեցված է ժամանակակից ռևմատոլոգիական հիվանդությունների թե լաբորատոր, թե գործիքային ախտորոշման բոլոր մեթոդներով: Մենք այսօր մեզ հետ բերել ենք նաև էլեկտրոնեյրոմիոգրաֆիա կոչվող սարքը, որով հետազոտում ենք նյարդերի ախտահարումը: Հետազոտություններն իրականացնում ենք տեղի բժիշկների հետ. արցախցի մասնագետներին այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ոլորտի նորամուծություններին»,- ավելացրել է Ի. Նազարյանը:
«ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանի խոսքով՝ ինքը զբաղվում է հիվանդության ախտորոշմամբ, բուժմամբ, ինչպես նաև կոնկրետ պրոֆիլակտիկ միջոցների մշակմամբ՝ ուղղված հոդերի, ինչպես նաև շարակցական հյուսվածքների ախտահարումների բուժմանը և կանխարգելմանը:
Նա հետազոտել է ավելի քան 30 քաղաքացու, որոնց մոտ հիմնականում հայտնաբերել է դեֆորմացնող օսթեոարթրոզ կամ աղերի կուտակում, որի համար համապատասխան բուժում է նշանակել:
Ըստ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկ-ռադիոլոգ Իրինա Կիրակոսյանի՝ բարեգործական ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվում է կրծքագեղձի և վահանաձև գեղձի հետազոտություններ: Իրենց հետզոտությունների ընթացքում հիվանդների մոտ հայտնաբերվել են բազմաթիվ խնդիրներ:
Բժիշկ-ռադիոլոգը նշել է նաև, որ իրենք հետազոտել են շուրջ 100 քաղաքացու, որոնց մեծ մասի մոտ հայտնաբերվել են վահանաձև գեղձի խնդիրներ: