Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու շրջանում կբացվի նոր մշակութային սրահ, որը կկրի պոլսահայ նշանավոր երաժիշտ ու դերասանուհի Մադամ Անահիտի անունը:
Ստամբուլի կենտրոնում բացվելիք մշակութային սրահներից մեկը կկրի պոլսահայ երաժիշտ Մադամ Անահիտի անունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: tert.am-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:Համերգային ծրագրերի, կինոդիտումների, թատերական ներկայացումների ու ցուցահանդեսների համար նախատեսված սրահի բացման նախաձեռնությունը Բեյօղլուի բնակիչներից Դենիզ Դենիզինը, Օնուր Յուսուֆօղլուինն ու Ջեմ Քյոքլյուքայայինն է, որոնք, իրենց իսկ խոսքով, դերասանուհի ու նշանավոր ակարդեոնահարուհի Մադամ Անահիտի անունն անմահացնելով նախևառաջ ձգտել են անմահացնել Ստամբուլի քաղաքային մշակույթը:
«Հիշողությունը պետք է կենդանանա, երիտասարդները, որոնք չգիտեն Անահիտի մասին, պետք է սովորեն կամ հետաքրքրվեն, թե ով էր նա: Անունն ընտրելիս ոչ մի վայրկյան չենք կասկածել», - պատմում են նախաձեռնության հեղինակները:
Մադամ Անահիտն իր երաժշտական կարիերան սկսել է Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի երգչախմբից, այնուհետև 16 տարեկանից միայն ակարդեոն նվագել: Իր ամուսնու մահից հետո գումար վաստակելու համար Մադամ Անահիտը երկար տարիներ նվագել է խնջույքներին, նաև փողոցում՝ դառնալով հին Ստամբուլի ֆոլկլորի մի մասնիկ:
Նա մի շարք հրավերներ է ստացել ֆիլմերում նկարահանվելու և անմահացել նաև կինոէկրաններին: Մադամ Անահիտը վախճանվել է 2003 թվականին՝ իր կյանքի շուրջ 40 տարին նվիրած լինելով երաժշտությանը: