Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ երեկոյան գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է:
Հարգելիներս, դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ ապա անպայման խստորեն կպատժվեն:
ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից:
Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հարազատներին»,-գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Օրենսգրքի այդ կետը սահմանում է. «Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով»։