Artsakhpress

Տնտեսական

Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, որտեղ ծանոթացել է պետական և մասնավոր միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, ապա ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել

Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը նախ եղել է «Ռեյփսիդ» ՍՊ ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձեթի գործարանում, որտեղ սեփականատիրոջ ուղեկցությամբ ծանոթացել է արտադրական ընթացքին, գործարանում արտադրվող ռաֆինացված և չռաֆինացված ձեթերի տեսականուն, հետաքրքրվել մթերվող յուղատու մշակաբույսերի ծավալով: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել գործարանի դերը Արցախում վերամշակող արդյունաբերության զարգացման և հատկապես տեղական հումքի իրացման գործում: Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել նման ձեռնարկությունների գործունեությանը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հասարակության կողմից սպառվող սննդի անվտանգության ապահովման հարցում:
Այնուհետև Գ. Մարտիրոսյանն այցելել է «Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ և ծանոթացել շինարարության ընթացքին: Նախագծով նախատեսված է նկուղային հարկերով կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32 բնակարանով: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի:
Պետնախարարն ընդգծել է գյուղական համայնքներում նոր բնակարանների կառուցման առաջնահերթությունը՝ նշելով, որ գալիք տարում այդ նպատակով կառավարությունը նոր ծրագիր կսկսի: «Գյուղաբնակ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր գյուղում հիմքից նոր տուն կառուցեն, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով ընդամենը մեկ տոկոս տոկոսադրույքով հնարավորություն կունենան փոխառություն ստանալու: Դա չի նշանակում, որ դադարեցվելու է այդ նպատակով հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում անհատույց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը: Երկու ծրագրերը կգործեն զուգահեռ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Այցի ընթացքում պետական նախարարը եղել է Կարմիր շուկայի միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, զրուցել ուսուցչական կոլեկտիվի անդամների և աշակերտների հետ, խոստացել, որ դպրոցի համար կառուցվող սպորտդահլիճի կիսատ մնացած շինաշխատանքները շուտով նորից կվերսկսվեն: Նա ծանոթացել է նաև համայնքի՝ կապիտալ վերանորոգման կարիք ունեցող նախկին մանկապարտեզի և գործող բուժամբուլատորիայի շենքային պայմաններին:
Այնուհետև ենթաշրջանի մեկ տասնյակից ավելի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են համայնքային նշանակության խնդիրներ, ինչպես նաև պետնախարարին զեկուցվել է ենթաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների մասին:
 
Խոսելով պետական աջակցության ծրագրերից՝ Գ. Մարտիրոսյանը հորդորել է համայնքի ղեկավարներին դրանց մասին հնարավորինս իրազեկել բնակիչներին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքացիները ժամանակին տեղյակ լինեն պետական աջակցության ծրագրերից: Խորհրդակցությանն ըստ ոլորտների, գործող ծրագրերի մասին ելույթներով հանդես են եկել Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի ղեկավար Տիգրան Ծատրյանը:
 
Անդրադառնալով խնդիրներին՝ պետնախարարը նշել է, որ, հաշվի առնելով բոլոր համայնքների համար դրանց ընդհանրությունը, գալիք տարիներին պետական և բարեգործական միջոցների ներգրավմամբ կառավարությունը ինտենսիվ կերպով շարունակելու է գյուղական համայնքներում փողոցների սալապատման, խմելու ջրով ապահովման և մի շարք այլ ծրագրեր:
 
Հանդիպման ընթացքում պետական նախարարը լսել է նաև համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները և պատասխանել նրանց հարցերին:
 
Այցի ընթացքում Գ. Մարտիրոսյանին ուղեկցում էր Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search