Save the Children մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Եմենում 2015թ. ի վեր մինչև 5 տարեկան 85.000 երեխա է սովամահ եղել, ինչպես նաև մահացել տարատեսակ հիվանդություններից:
2015թ-ից ի վեր Եմենում մոտ 85.000 երեխա է մահացել սովից ու հիվանդություններից. Save the Children
«Ռումբերից, փամփուշտներից զոհվող, ինչպես նաև սովամահ եղող երեխաների դեպքում ամեն ինչ կարելի է կանխել: Սովամահ եղող երեխաներն անասելի տառապանքներ են կրում. կենսական նշանակություն ունեցող օրգանները կամաց-կամաց դադարում են գործել: Նրանց դիմադրողականությունն այնքան թույլ է, որ նրանք խոցելի են ամենաչնչին վարակի համար: Նրանք այնքան թույլ են, որ անգամ չեն կարողանում լացել: Ծնողները դառնում են իրենց երեխաների դանդաղ մահվան ականատեսը, սակայն ոչինչ չեն կարողանում անել»,-նշել է Եմենում Save the Children-ի առաքելության ղեկավար Թամեր Կիրոլոսը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Եմեն ներկրվող սննդի ու այլ օգնության 80%-ը բերվում է Հոդեյդա նավահանգստով, սակայն այն նախորդ տարվանից շրջափակել են Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերը: Դրա հետևանքով Save the Children-ը ստիպված է երկրի հյուսիսային հատվածի համար նախատեսված մարդասիրական օգնությունը հարավով բերել, ինչը զգալի երկարաձգում է ամբողջ գործընթացը: