Artsakhpress

Հարցազրույց

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում կցուցադրվեն նաև ձեռագրերի բնօրինակներ. Վահան Տեր-Ղևոնդյանն ամփոփել է կառույցի եռամյա գործունեությունը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղը՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնն Արցախում գործում է 2016 թվականից: Վերջերս լրացել է կենտրոնի գործունեության երրորդ տարին:

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում կցուցադրվեն նաև ձեռագրերի բնօրինակներ. Վահան Տեր-Ղևոնդյանն ամփոփել է կառույցի եռամյա գործունեությունը

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում կցուցադրվեն նաև ձեռագրերի բնօրինակներ. Վահան Տեր-Ղևոնդյանն ամփոփել է կառույցի եռամյա գործունեությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակիցը եռամյա գործունեության և առաջիկա ծրագրերի մասին զրուցել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:
 
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝
 
-Պարոն Տեր-Ղևոնդյան, եթե ամփոփելու լինենք «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի երեք տարիների գործունեությունը, ի՞նչ ունենք այսօր:
 
-Կարող ենք արձանագրել, որ Մատենադարանի արցախյան մասնաճյուղը երեք տարիների ընթացքում ընդունել է շուրջ 40 հազար տեղացի և օտարերկրյա այցելուների, ԱՀ ՊԲ հազարավոր զորակոչիկների և նորակոչիկների, պետական, պաշտոնական բազմաթիվ պատվիրակությունների: Կարող ենք փաստել նաև, որ Մատենադարան-Գանձասարն արդեն զբոսաշրջային ուղղություն է: Վերջերս Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը սահմանել էր մասնաճյուղի գնացուցակը, մենք վերջին 4 ամիսների ընթացքում արդեն վաճառել ենք շուրջ 7500 մուտքի և բացատրության տոմս: Մասնաճյուղում արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել է հուշանվերների  և գրքերի վաճառքը՝ արցախյան թեմատիկայով: Այդպիսով՝ մենք հայկական մշակութային ժառանգությունը փորձում ենք հանրահռչակել նաև հուշանվերների վաճառքի միջոցով: Բացի դրանից Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հանրայնացման գործընթացն արդեն հաջողություններ է գրանցել. մասնաճյուղը համագործակցում է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, ՀԱԵ Արցախի թեմի, Արցախի և Երևանի պետական համալսարանի հետ, Արցախի պաշտպանության բանակի հետ:
Այս ընթացքում մասնաճյուղի աշխատակազմը կրկնապատկվել է, 2015 թվականին մասնաճյուղն ուներ 5 աշխատակից, այժմ՝ 10-ը: Մասնաճյուղն իրավաբանական բոլոր գրանցումներն ավարտին է հասցրել՝ 2017 թվականին Մաշտոցի անվան Մատենադարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի միջև կնքվել է «ոչ բնակելի տարածքի անհատույց եւ անժամկետ օգտագործման» պայմանագիր, ըստ որի՝ Գանձասարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից նախկին ճեմարանի տարածքը, որտեղ (վերակառուցման արդյունքում) 2015 թվականից փաստացի գործում է Երեւանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, նոտարական վավերացմամբ եւ ԱՀ կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրում գրանցմամբ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցմամբ, հանձնվել է Մաշտոցյան Մատենադարանին:
Մասնաճյուղն արդեն ունի իր կնիքը, և, իբրև Երևանի Մատենադարանի մասնաճյուղ, ամբողջությամբ իրավական և օրինական դաշտում է: Այս ընթացքում մասնաճյուղը համալրվել է 7 ձեռագիր մատյաններով, հնատիպ գրքերով (այդ թվում՝ նվիրատվություն), արխիվային փաստաթղթերով: Կահավորել և տեխնիկապես հագեցրել ենք ընթերցասրահը, համալրել ենք գրադարանը (մի քանի հարյուր միավոր հայագիտական արժեքավոր գիրք ստացել ենք նվիրատվություն): Մատենադարան-Գանձասարում տեղի է ունեցել 1 գիտաժողով (Արիստոտելյան ընթերցումներ, ԵՊՀ և ԱրՊՀ հետ համատեղ), 3 գրքերի շնորհանդես, 2 ժամանակավոր ցուցադրություն՝ Գանձասարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:
Հետայսու մենք ջանքեր ենք գործադրելու Գանձասարում գիտական միջավայր ստեղծելու ուղղությամբ՝ հայագիտական գրքերի շնորհանդեսներ, հայագիտական գիտաժողովներ, ընթերցումներ, սեմինարներ, միջազգային կոնֆերանսներ:
 
-Այսօրվա դրությամբ քանի՞ նմուշ կա կենտրոնում, և այս 3 տարիների ընթացքում եղե՞լ են ավելացումներ:
 
-Թանգարանային համալիրում  ցուցադրվում են հիմնականում պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնօրինակներ և ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքեր և եկեղեցիներ այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր: 2016 թվականին մասնաճյուղը համալրվել է 7 ձեռագիր մատյաններով, գրադարանը՝ հայագիտական արժեքավոր գրականությամբ (շուրջ 400 միավոր), 20 հնատիպ գրքեր, որ ցուցադրվում էին թանգարանային մասում, փոխարինվել են այլ 20 հնատիպ գրքերով (Շուշիի տպագրություն):
-Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ կենտրոնում չկան ձեռագրերի բնօրինակներ, քանի որ բացակայում են անհրաժեշտ պայմանները: Ե՞րբ կստեղծվեն այդ պայմանները մասնաճյուղում բնօրինակներ ցուցադրելու համար:
-Մասնաճյուղում պետք է սահմանել ոստիկանության հերթապահություն, մնացյալ առումներով բոլոր հարմարություններն առկա են: Այդ առթիվ ԱՀ նախագահի հետ ձեռք ենք բերել նախնական պայմանավորվածություն: Կարծում եմ՝ մոտ ապագայում հարցը կլուծվի: Բացի այդ, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է բնագրերի փոխարեն պատճեն ցուցադրելը և, դա չի նսեմացնում ցուցադրության նշանակությունը:
 
-Այսուհետ ևս պլանավորվու՞մ են ժամանակավոր ցուցադրություններ:
 
-Իհարկե, մենք արդեն ծրագիր ենք մշակում, 2019 թվականի ընթացքում ևս ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու վերաբերյալ: Դրանց կազմակերպումը պարտադիր է, քանի որ մենք հայ ձեռագրական ժառանգությունը ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին հասու դարձնելու խնդիր ունենք: 2018 թվականին մասնաճյուղ այցելած արցախցին 2019 թվականին մասնաճյուղ այցելելու պարագայում պետք է ծանոթանա նոր նմուշների, և այդպես շարունակ:
 
-Եթե խոսենք սպասվող ծրագրերի մասին, ի՞նչ նորություններ կլինեն առաջիկայում:
 
-2019 թվականը բավականին հագեցած տարի է լինելու մասնաճյուղի համար: Մենք նախատեսում ենք տարվա կեսերին Արցախում անցկացնել հայագիտական միջազգային գիտաժողով: Այդ կապակցությամբ դեռ մի շարք անելիքներ կան, պետք է նախ համաձայնեցնել տեղի գերատեսչությունների, գիտական և մշակութային շրջանակների հետ: Տարվա սկզբին մենք կհրապարակենք տարեկան միջոցառումների նախնական ծրագիրը. այդ մասին կխոսենք ավելի ուշ:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search