Թուրքիան որոշել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին հիմնել ռազմածովային բազա։
Haberler. Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի ափերին ռազմաբազա է հիմնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի ռազմածովային ուժերի պատվիրակությունը Հյուսիսային Կիպրոսի ափերին մի շարք ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց վերաբերյալ համապատասխան եզրակացությունները ուղարկվել են Թուրքիայի կառավարությանը։
Մասնավորապես ուսումնասիրվել է, թե հատկապես որ մասում է նպաստավոր հիմնել ռազմաբազա և վերջինիս շինարարության արժեքը ինչքան կկազմի։ Նախատեսվում է, որ ռազմածովային բազան կընդգրկի 280 000 քառ/կմ ջրային տարածք։
Ռազմաբազան հագեցված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այնտեղ կկայանվեն Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող տարբեր տեսակի ռազմանավեր, սուզանավեր, կորվետներ, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներ։
Կիպրոսում ռազմաբազա հիմնելու առաջարկը արվել է դեռևս օգոստոսին Թուրքիայի ռազմածովային ուժերի կողմից։ Թուրքիայի արտգործնախարարությանը ուղղված առաջարկության մեջ ասվում է, որ ստեղծվելիք ռազմաբազան ամրապնդելու է Հյուսիսային Կիպրոսի և Թուրքիայի դիրքերը Միջերկրական ծովում։ Նշվում է, որ դրանով կանխվելու է «ծովի էներգետիկ պաշարներով հարուստ տարածքների օկուպացումը այլ երկրների կողմից»։ Ռազմաբազայի առկայությունն ամրապնդելու է նաև Հյուսիսային Կիպրոսի դիրքերը կիպրոսյան հիմնախնդրի շուրջ շարունակվող բանակցային գործընթացում։