Հունվարի 18-ին Ճարտարում կկայանան քաղաքային համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Հունվարի 18-ին Ճարտարում քաղաքապետ են ընտրելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս կապակցությամբ նախօրեին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել, որտեղ քննարկվել է առաջիկա ընտրական գործընթացներին վերաբերող հարցեր։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, առաջադրման և ինքնառաջադրման ժամկետ է սահմանվել դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածը։ Իսկ անդորրագրերի վճարման կամ լիազոր մարմնից համապատասխան տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիները պետք է փորձեն կազմակերպչական աշխատանքները իրականացնել նախքան տոնական օրերը, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 31-ը:
Թեկնածուների նախընտրական քարոզչությունը կսկսվի հունվարի 7-ից և կշարունակվի մինչև հունվարի 16-ը: Ճարտարի համայնքում ընտրողների թիվը 3056 է, սակայն հնարավոր է, որ այն որոշակի փոփոխությունների ենթարկվի, քանի որ վերջնական ճշտումներ են կատարվում։
Նշենք, որ ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվել է նաև Մարտունու շրջանի Գիշու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հարցը, որը ևս տեղի կունենա հունվարի 18-ին։
Ի դեպ, 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ընտրական նոր օրենսգիրքը, սակայն ընտրությունները անց են կացվելու գործող օրենսգրքի պահանջներին համապատասխան։
Հիշեցնենք, որ հուլիսին, տեղական հանրաքվե անցկացնելով, Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքների բնակչությունը քվեարկել էր երկու համայնքների միավորման օգտին: Ելնելով դրանից՝ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Համաձայն՝ դրանց առաջարկվում է Ճարտարի տարածքում գտնվող Զորավանին ևս տալ քաղաքի կարգավիճակ՝ Ներքին ճարտար անունով՝ ընդգրկելով այն Ճարտար քաղաքային համայնքի կազմում: