ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Թուրքիային հանձնել իսլամական քարոզիչ Ֆոթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է Թուրքիայում 2016 թվականին պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ի՝ Գյուլենին արտահանձնելու պատրաստակամության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է DW.com-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուի խոսքով՝ Թրամփն այդ մասին վստահեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերջերս Արգենտինայում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում: Արգենտինայում Թրամփն Էրդողանին ասել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է Գյուլենին և մյուսներին արտահանձնելու մասին հարցով:
Քարոզիչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում՝ լինելով աքսորյալ: 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը ճնշելուց հետո երկրի իշխանությունները տասնյակ հազարավոր պետծառայողների են հեռացրել աշխատանքից՝ վերջիններիս մեղադրելով Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ: