Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են աշխատանքի «ստրկատիրական» օրենքի և վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության դեմ զանգվածային բողոքի ցույցերը:
Հունգարիայում ցուցարարները շրջափակել են պետական հեռուստատեսության շենքը
«Մենք ուզում ենք խոսել մամուլի ազատության մասին և հայտնի դարձնել «ստրկության օրենքի» դեմ բողոքող հազարավոր ցուցարարների պահանջները»,- ասել է Հունգարիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Բերտալան Տոտը:
Ընդդիմադիրները մեղադրել են MTVA-ին «ծախված» լինելու համար: Նրանց խոսքով՝ պետական հեռուստատեսությունն Օրբանի մասնավոր հեռուստաընկերությունը չէ, այլ հունգարացի ժողովրդի հեռուստատեսություը, որը ֆինանսավորվում է նրանց հարկերից:
Նոր օրենքները կարող են հունգարացիների միջին աշխատանքային օրը երկարեցնել հավելյալ երկու ժամով կամ շաբաթական լրացուցիչ մեկ աշխատանքային օրով:
Համաձայն առաջարկված օրենքի նախագծի՝ գործատուներին յուրաքանչյուր աշխատողի համար տարվա կտրվածքով հավելյալ 250 ժամվա աշխատանք է երաշխավորվում: Ինչ վերաբերում է մնացած աշխատաժամերին՝ գործատուները ստիպված կլինեն համաձայնության գալ աշխատողների հետ:
Վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը հայտարարել է, որ Հունգարիայում աշխատանքային շաբաթը նախկինի պես բաղկացած կլինի հինգ 8-ժամյա օրից, իսկ աշխատողները ցանկացած հավելյալ աշխատաժամի դիմաց կվճարվեն: