Քիչ առաջ ԱՀ Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստում 26 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Խորհրդարանը հաստատեց 2019 թվականի պետական բյուջեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշել է, որ Արցախի խորհրդարանում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ համակողմանի քննարկման էր ներկայացված գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը:
Ելույթով հանդես է եկել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ով մասնավորապես նշել է բարձրացված առաջարկությունների և բյուջեում կատարված վերջնական փոփոխությունների մասին: Նախարարի խոսքով՝ 2019թ.-ի բյուջեի եկամուտները կկազմեն 112 մլրդ 547 մլն դրամ, ծախսերը՝ 111 մլրդ 410.5 մլն դրամ, իսկ պրոֆիցիտը՝ 1 մլրդ 136.5 մլն դրամ։
Նախարարի խոսքով՝ պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱՀ Նախագահին գրավոր ներկայացվել է առաջին փուլում 97, իսկ երկրորդ փուլում՝ 16 առաջարկ :
«Մասնավորապես՝ պետական բյուջեի ծախսերում նախատեսվել են հետևյալ փոփոխությունները` պաշտպանության բաժնի քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ ծախսային ծրագիրը ավելացվել է 150 միլիոն դրամով` ժամանակակից ինժեներական պահանջներին համապատասխանող կառույցների շինարարական աշխատանքների իրականացման համար: Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն բաժնի ԱՀ փրկարար ծառայության պահպանում ծախսային ծրագիրն ավելացվել է 5 միլիոն դրամով` նոր կայանների և դիտակետերի համար ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Շրջակա միջավայրի պաշտպանության բաժնում նախատեսվել է Արցախի տարածքում կոնսերվացված հանքավայրերի և արդյունաբերական թափոնների մոնիթորինգի նոր ծախսային ծրագիր` 10 միլիոն դրամի չափով: 2 միլիոն դրամով ավելացվել է հանգիստ, մշակույթ և կրոն բաժնի օգնություն մարզֆեդերացիաներին ծրագիրը: Կրթության բաժնում արհեստագործական ուսումնարանների ծրագրի հատկացումները ավելացվել է 3 միլիոն դրամով` «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի կողմից հատուկ նպատակային նյութեր ձեռք բերելու համար: Ոչ ֆորմալ կրթության ծրագիրը ավելացել է 3 միլիոն դրամով` Ստեփանակերտում և շրջկենտրոններում ֆիզիկայից, քիմիայից ու մաթեմատիկայից աշակերտների համար ֆակուլտատիվ պարապմունքների և առցանց դասախոսությունների կազմակերպման համար: 15 միլիոն դրամով ավելացել է կրթական միջոցառումների ծրագիրը` ինժեներական լաբորատորիաների թիվը ավելացնելու նպատակով: Կառավարության կողմից ընդունված այլ առաջարկությունները կիրականացվեն կապիտալ ներդրումների ծրագրի և այլ կենտրոնացված խմբերի շրջանակներում»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Այնուհետև դրական եզրակացությամբ հանդես է եկել գլխադասային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Պետական բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ բոլոր խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները կողմ և դեմ քվեարկելու որոշման կապակցությամբ, որից հետո տեղի է ունեցել քվեարկություն:
Նիստին ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանդես գալով եզրափակիչ խոսքով, նշել է, որ բյուջեում արտացոլված են մեր երկրի զարգացման հիմնարար սկզբունքները, սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը: «Բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ խմբակցությունների և պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավելի առաջարկություններ: Դրանց մի մասը ընդունվել է: Մի շարք այլ առաջարկներ չընդգրկվեցին բյուջեի նախագծում` հաշվի առնելով հնարավորությունների առկա աստիճանը: Դրանք պարտադիր կերպով կուսումնասիրվեն»,- ասել է հանրապետության նախագահը՝ ընգծելով, որ գալիք տարում տնտեսական աճի ցուցանիշն, ըստ կանխատեսումների, կկազմի առնվազն 8 տոկոս:Նշենք, որ 2019 թվականի պետական բյուջեի հաստատմանը դեմ են քվեարկել ընդդիմադիր «Վերածնունդ» և «Շարժում 88» խմբակցությունները: