Էստոնիան ձերբակալել է դանիական Danske բանկի Էստոնիայի մասնաճյուղի 10 նախկին աշխատակիցների։
Էստոնիան ձերբակալել է Danske բանկի աշխատակիցների՝ ադրբեջանական ու վրացական փողերի լվացման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ձերբակալությունները կատարվել են բանկի մասնաճյուղում փողերի լվացման հետ կապված հետաքննության արդյունքում, որում հիմնականում ներգրավված էին Ադրբեջանը, Վրաստանը ու նաև Ռուսաստանը։ Panorama.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է EU Observer-ը։
«Ձերբակալվածները հիմնականում հաճախորդների հետ աշխատող բաժինների ղեկավարներն են, որոնց աշխատանքն է եղել փողերի լվացման դեպքերի մասին տեղեկացնելը՝ դրանք կանխելու համար»,- նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Էստոնիայի դատախազ Լավլի Պերլինգը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Danske Bank-ի ներքին ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2007-ից 2015թթ.-ներին էստոնական մասնաճյուղով 15 հազար օտարերկրյաքաղաքացիներ իրականացրել են 9.5մլն գործարքներ, որը կազմել է 200 միլիարդ եվրո։ Այդ գործարքներն իրականացնող անձանցից 6200-ը ճանաչված են եղել «շատ կասկածելի»։
ԶԼՄ-ների հաղորդմամբ, էստոնական մասնաճյուղում միլիարդավոր անօրինական ռուսական ու նաև ադրբեջանական գումարներ են լվացվել, որոնց վերաբերյալ բացահայտումներ էր արել բրիտանական The Guardian-ը՝ իր «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննական հոդվածում։
The Guardian-ը գրել էր, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար: