Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպան արդեն սկսել է միասնական բանակի ստեղծման աշխատանքները:
«ԵՄ-ն սկսել է միասնական բանակի ստեղծումը». Գերմանիայի պաշտպանության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա ընդգծել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան Եվրոպայի պաշտպանական ոլորտն առաջ մղող ուժերն են, որոնք մեկը մյուսին կօգնեն տարածքային զինված հարձակման դեպքում, հաղորդում է tert.am-ն:
Նոյեմբերին հաստատված ծրագրի համաձայն՝ Ֆրանսիան, Բելգիան ու Կիպրոսը ստեղծում են Beyond Line of Sight Land Battlefield կոչվող հրթիռային համակարգերի ընտանիք: Մեկ այլ ծրագրի շրջանակում էլ Հունաստանը, Իտալիան ու Սլովակիան եվրոպական զրահապատ հետևակի մարտական մեքենա են ստեղծում:
Նախարարն ընդգծել է, որ ԵՄ 25 պետությունները միավորվել են ոչ թե այն պատճառով, որ Բրյուսելից են նման ցուցում ստացել, այլ կամավոր հիմքով, քանի որ դա բխում է Եվրոպայի անվտանգության շահերից:
«Եվրոպան շարունակում է լինել բացառիկ միություն, որն ազատության և բարգավաճման դրոշի տակ միավորել է կես միլիարդ մարդու: Եվրոպան պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել»,-ասել է նախարարը:
Նա նաև առաջարկել է ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններում անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծել: