Artsakhpress

Քաղաքական

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին:

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նամակում մասնավորապես ասված է.
«Մեծարգո՛ պարոն Միրզոյան,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի խորհրդարանը իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական կարևորության հարցերի քննարկման և համազգային նպատակների ուղենշման յուրահատուկ կառույց: Վստահ եմ՝ հանրային-քաղաքական ակտիվ ներգրավվածությունը և խորհրդարանական աշխատանքի փորձը նպաստելու են Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում Ձեր գործունեության հաջողությանը՝ ի շահ հայրենիքի անվտանգության ու կայունության և
Հայաստանի ժողովրդի բարեկեցության ապահովման:
Երկու հայկական խորհրդարանների միջև ձևավորված առանձնահատուկ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները հուսալի հիմք են փոխգործակցության շարունակականություն և նոր որակ արձանագրելու համար։ Համոզված եմ՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կպահպանենք ձևավորված ավանդույթները և ավելի բեղմնավոր ու ներդաշնակ կդարձնենք առկա համագործակցությունը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search