ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին:
ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդը վերահաստատել է Իրանի դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ
ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցն արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն: Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն:
Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման: