Artsakhpress

Քաղաքական

Մադրիդյա՞ն սկզբունքներն են սեղանին դրված, թե՞ կազանյան. Արթուր Թովմասյան

Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է. այս ճշմարտությունից ելնելով Արցախի խորհրդարանի իշխող «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին երկարատեւ հանդիպումները եւ բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Մադրիդյա՞ն սկզբունքներն են սեղանին դրված, թե՞ կազանյան. Արթուր Թովմասյան

Մադրիդյա՞ն սկզբունքներն են սեղանին դրված, թե՞ կազանյան. Արթուր Թովմասյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեր զրուցակիցը հիշեցնում է`այն պահից, երբ Արցախը բանակցային գործընթացից դուրս մնաց, Արցախի իշխանությունները ողջունել են ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների`տարբեր ձեւաչափերով ընթացող բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո`հստակեցնելով. «Միայն այն մասով, որ ոչ մի հիմնարար փաստաթուղթ չպետք է ստորագրվի: Մենք ողջունել ենք բանակցություն-գործողությունների հումանիտար բնույթը`դիակների փոխանակում, գերիների փոխանակում, դիպուկահարների ետ քաշում առաջնագծից, կրակոցների քչացում եւ այլն: Քանիցս ասել ենք, հիմա էլ կրկնում եմ`Արցախի հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Բաքվում, ոչ թե Երեւանում, այլ Ստեփանակերտում եւ ինչքան շուտ սա հասկանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն, այնքան հարցի լուծումը կմոտեցնեն», գրում է aravot.am լրատվական կայքը:

Արթուր Թովմասյանն այն համոզման է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը հարցի լուծումը ավելի ետ տարավ. «Որովհետեւ, իմ խորին համոզմամբ, Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն փոխվստահության պայմաններում: Այսօր փոխվստահության մթնոլորտ, ես չէի ասի, որ կա, թեկուզ լավատեսական հայտարարություններ են հնչում: Ես չէի ասի, որ փոխվստահության մթնոլորտ կա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ»:

Էլմար Մամեդյարով-Զոհրաբ Մնացականյան վերջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 16-ին: Հանդիպումը տեւեց չորս ժամ, հետո, տարածված հայտարարության մեջ լավատեսական շեշտադրումներ էին: Արթուր Թովմասյանն ասում է. «Արտգործնախարարների գործը ոչ միայն լավատեսություն ներշնչելն է, այլ նրանք պետք է հող պատրաստեն երկրի ղեկավարների հանդիպման համար: Բայց հիմնախնդիրն անհնար է լուծել, որովհետեւ ՀՀ առաջնորդը ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած առաջնորդ է, վայելում է ժողովրդի վստահությունը, իսկ Ադրբեջանում նստած է բռնապետ:

Սա փաստում են նաեւ բազմաթիվ միջազգային դիտորդներ, ովքեր մասնակցել են թե Հայաստանում, թե Ադրբեջանում կայացած համապետական ընտրություններին: Իմ խորին համոզմամբ, Արցախի խնդրի լուծումը կմոտենա այն դեպքում, երդ Ադրբեջանում եւս ժողովրդավարական ուժեր գան իշխանության: Ժողովրդի վստահությունը վայելող առաջնորդները միայն կարող են ինչ-որ տարբերակ առաջարկել ժողովրդին»: Այս համատեքստում, մեր զրուցակիցը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի`քանիցս արած հայտարարություններն այն մասին, որ ինքը Արցախի հարցը միանձնյա չի լուծելու, այլ եթե կլինի ինչ-որ տարբերակ, ինքը դա կառաջադրի հասարակության դատին:

«Առավոտի» հարցին`արդյոք երկու երկրների ղեկավարների միջեւ փոխվստահության մասին չի փաստում Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությունը`առաջնագծում լարվածությունը թուլացնելու մասին, ինչը մինչ օրս պահպանվում է`ի հեճուկս այն պայմանավորվածությունների, որոնք հայկական եւ ադրբեջանական կողմերի նախագահները ձեռք բերեցին 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո`Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում`միջազգային միջնորդների ներկայությամբ, Արթուր Թովմասյանը պատասխանեց. «Արցախի հիմնահարցը, Ցեղասպանության հարցը, Հայ դատը, օրակարգային այնպիսի բարձր մակարդակի հարցեր են… վերելակային խոսակցությունները, օրինակ ես լուրջ չեմ ընդունում: Որ կրակոցները քչացել են, նորմալ է, նորմալ եմ նայում, որ բանակցային գործընթացը շարունակվելու է, չի մտել փակուղի, բայց կլինե՞ն բանակցություններ`նոր կասենք`կա՞ փոխվստահություն Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ, թե`ոչ»:

Հետաքրքրվեցինք`իր կարծիքով այժմ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցություննե՞ր են ընթանում, թե՞ հանդիպումներ: Որ արտգործնախարարները պետք է հող նախապատրաստեն առաջնորդների հանդիպման համար, նաեւ սեղանին դնեն իրենց մոտեցումները`միանշանակ է. «Բայց ես հիմա չգիտեմ`մադրիդյա՞ն սկզբունքներն են սեղանին դրված, թե՞ կազանյան. ի՞նչ է դրված`ոչինչ պարզ չէ: Դա միայն առաջին դեմքերի հանդիպումից հետո ժողովրդի դատին կներկայացվի»:

«Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ եւ համաձայնել, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»,- ասված է երկու նախարարների հանդիպումից հետո`ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ: Արթուր Թովմասյանից հետաքրքրվեցինք`իր կարծիքով ի՞նչ խաղաղության նախապատրաստելու մասին է խոսքը: «Մինչեւ Ադրբեջանի դասագրքերի`ոչ միայն պատմության, այլ անգամ մաթեմատիկայի, երգի դասագրքերում հայը ներկայացված է որպես ոխերիմ թշնամի, ինչի՞ մասին է խոսքը: Պետք է վերլուծեն`1994 թվականի մայիսի 12-ի հրադադարից հետո Ադրբեջանն ի՞նչ հակահայկական քարոզչություն է տարել: Արցախի ժողովրդին խաղաղություն պետք չէ: Արցախի ժողովրդին արժանապատիվ խաղաղություն է պետք: Արցախի Սահմանադրությամբ Արցախի կազմը ներկայացված է եւ մեր իշխանությունն իր փաստացի իշխանությունն իրականացնում է ողջ տարածքով մեկ: Այդ սահմանները գծված են մեր զոհված ազատամարտիկների արյամբ. ի՞նչ եք կարծում, ի՞նչ անենք: Կա խաղաղություն, կա արժանապատիվ խաղաղություն. ես չգիտեմ`ո՞ր խաղաղության մասին են ասում համանախագահները: Մի բանում համոզված եղեք`ես Արցախի այն պատգամավորներից եմ, որոնք դուրս չեն եկել Արցախից: Ես մնացել եմ Արցախում: Ովքեր դուրս են եկել Արցախից`այդ հարցերը նրանց տվեք, միգուցե նրանք շրջան տվո՞ղ արցախցիներ են»:

Մեր զրուցակիցը նկատում է` աշխարհում կա մոտ երկու միլիոն արցախցի, որոնցից Արցախում 150 հազարն է բնակվում, մոտ 500-550 հազարը ՀՀ-ում է բնակվում, մոտ 600-ը`ՌԴ-ում, մոտ 650-ը`ԱՊՀ մյուս երկրներում եւ աշխարհով մեկ. «Արցախում ապրողներին ես ասում եմ արցախցիներ, մյուսներին`ղարաբաղցիներ: Արցախում բնակվող 150 հազարի մեջ հայրենասերներ չկան, բոլորը հայրենապաշտներ են: Հայրենասերներն այն արցախցիներն են, որոնք ապրում են Արցախի սահմաններից դուրս, բայց չեն մոռացել իրենց հայրենիքը`դա կլինի ներդրումների տեսքով, իրենց հարազատներին օգնելու, կամ իրենց պապերի-տատերի, ծնողների գերեզմաններին այցելելով»: Մեր զրուցակցին վրդովվեցնում է անտարբերությունը, նա դժգոհ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնին մասնակիցների թվից. «Հրեաներից մի բան պիտի՞ սովորենք, թե`ոչ»:

Ինչ վերաբերվում է Արցախի`բանակցությունների սեղան վերադառնալու հեռանկարներին, ինչի մասին քանիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արթուր Թովմասյանն ասում է. «Արցախը բանակցային սեղանին պետք է վերադառնա որպես պատերազմող կողմ, ոչ թե որպես հակամարտող կողմ»: Նա փաստում է, որ թե 1992-94-թվականների, թե 2016 թվականի պատերազմը եղել է Ադրբեջանի եւ Արցախի միջեւ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտություն է`սահմաններում լարվածություն, Արծվաշենի խնդիրը եւ այլն, բայց ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ երբեք չի եղել: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search