Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային ու տարվա առաջին նստաշրջանը, որը կանցկացվի հունվարի 21-ից 25-ը։
ԵԽԽՎ-ն հաստատեց ՀՀ պատվիրակության նոր անդամների մանդատները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ն հաստատեց վեհաժողովի նոր անդամների մանդատները, որոնց թվում էին նաև ՀՀ պատվիրակության անդամները։
Վեհաժողովը ևս 1 տարով ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրեց ներկայիս նախագահ Լիլիան Մորի Պասկիեին։ Ներկայացվել էր միայն նրա թեկնածությունը, որին դեմ արտահայտվողներ չեղան։
Վեհաժողովը նաև նստաշրջանի մեկնարկին 1 րոպե լռությամբ հարգեց Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության և Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիցի հիշատակը, ով դանակահարվել էր հունվարի 13-ին ու մահացել։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության կազմում որպես հիմնական անդամներ ընդգրկված են նաև Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Էդմոն Մարուքյանը (ԼՀԿ): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը (ԲՀԿ):