ԱՀ կառավարությունը հետևողական քաղաքականություն է վարում հանրապետությունում նախադպրոցական և դպրոցական հաստատությունների ցանցի վերականգնման ուղղությամբ, որի համար 2018 թվականին հատկացվել էր 967 մլն 464 հազար դրամ:
2018 թ-ին վերանորոգվել և կառուցվել են նախադպրոցական և դպրոցկան մի շարք հաստատություններ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նա նշել է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին ավարտվել են Ստեփանակերտի N8 հոսքային դպրոցում նախադպրոցական հատվածի մասնակի վերանորոգման և մարզադահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Ավարտին է հասցվել նաև Ստեփանակերտի N6 հիմնական դպրոցի տարածքում շվագարանի, Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղի դպրոցի շենքի կցակառույցի կառուցման, Թալիշ գյուղի դպրոցի և մանկապարտեզի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի դպրոցի շենքի և կրթօջախի տարածքում խաղադաշտի ու մարզահրապարակի կառուցման աշխատանքները:
«Աշխատանքներ են կատարվել նաև Հադրութ քաղաքի մարզադպրոցի վերակառուցման, Շահումյանի շրջանի Զուար համայնքի դպրոցի շենքի որոշ սենյակների վերանորոգման, Ակնաբերդի մանկապարտեզի շենքի տանիքի վերակառուցման, Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղի դպրոցի շենքի կառուցման ուղղությամբ»,-ասել է նախարարը։
Նա տեղեկացրել է նաև, որ ընթացքի մեջ են Ասկերանի շրջանի Աստղաշենի մանկապարտեզի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի և Հադրութի շրջանի Խծաբերդի դպրոցների սպորտդահլիճների, Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի դպրոցի շենքի կառուցման, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Վաղուհասի մանկապարտեզի և Զագլիկ գյուղի դպրոցի շենքի վերակառուցման աշխատանքները:
Ըստ Կ. Շահրամանյանի՝ ընթացիկ տարում ԱՀ տարածքում իրականացվել են նաև դպրոցների և մանկապարտեզների կահավորման և գույքով ապահովման աշխատանքներ ևս։
«Դպրոցական շենքերի ջեռուցումն ապահովելու նպատակով ավարտվին է հասցվել ջեռուցման նոր համակարգերի տեղադրման գործընթացը: 2018թ-ին կառուցվել և վերակառուցվել են հանրապետության մի շարք դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման համակարգերը: Դրանց թվում են Ստեփանակերտի Կամո Ալվարյան փողոցում գտնվող երաժշտական դպրոցի շենքի, Մարտունու N2 մանկապարտեզի, Մարտակերտի շրջանի Նոր Այգեստանի, Շահումյանի շրջանի Նոր Կարաչինարի, Հադրութի մարզադպրոցի շենքի և Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ և Վան գյուղերի դպրոցների շենքերի ջեռուցման համակարգերը։ ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվել են նաև Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի դպրոցի և մանկապարտեզի վերանորոգման-վերակառուցման աշխատանքները, ընթացքի մեջ են Ստեփանակերտի N9 և Ասկերանի շրջանի Ուղտասարի դպրոցների վերակառուցման, տարածքի բարեկարգման աշխատանքները»,-մանրամասնել է քաղաքաշինության նախարարը և հավելել, որ արտաբյուջետային միջոցների հաշվին սկսվել են Արցախի պետական համալսարանի շենքի կառուցման 1-ին փուլի աշխատանքները։