Artsakhpress

Վերլուծական

Արաբական վեհաժողովն ու միջանկյալ գործողությունները. Շահան Գանտահարյանի հոդվածը

Բեյրութի հյուրընկալած Արաբական տնտեսական վեհաժողովը հիմնականում կենտրոնացավ փախստականների եւ տեղահանվածների տունդարձի անհրաժեշտության վրա:

Արաբական վեհաժողովն ու միջանկյալ գործողությունները. Շահան Գանտահարյանի հոդվածը

Արաբական վեհաժողովն ու միջանկյալ գործողությունները. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Պաշտոնական Բեյրութի առաջադրանքը ստացավ համաարաբական համաձայնություն։ Անհրաժեշտությունը այս դեպքում միջոցներ է ենթադրում, եւ ուրեմն հիմնականում տնտեսական վեհաժողովը ֆինանսական միջոցների հայթայթումն է վերադարձի գործողություններ կազմակերպելու համար:
Փախստականների երեւույթը միջազգային ընտանիքի կողմից աշխարհի տարածքում հայտնվում է ուշադրության կիզակետում, որի համար գործում են մշտական բաժանմունքներ, կազմակերպություններ, հատկացվում են մեծագումար բյուջեներ, նախ, իհարկե, տեղում այդ կարգավիճակում գտնվողների կարիքները հոգալու, ինտեգրման բազմաոլորտ քաղաքականություն վարելու եւ հնարավորության պարագաներին` տունդարձի ճանապարհի հարթման համար ենթահող ձեւավորելու նպատակով:
Նման գործողությունները երկարատեւ բնույթ ունեն, չասելու համար հաճախ` մնայուն տեսք եւ, ուրեմն, մնայուն նյութական միջոցների հայթայթման կարիք: Արաբական տնտեսական վեհաժողովը նման հանձնառություն ստանձնելու առաջադրանքը բանաձեւեց:
Հիմնախնդիրը, անշուշտ, միայն տնտեսական եւ ֆինանսական չէ: Հատկապես, երբ Սիրիայից Լիբանան անցած միլիոնավոր փախստականների մասին է խոսքը, տունդարձի գործողություններ կազմակերպելը, բնականաբար, ունի քաղաքական ենթատեքստի իմաստ: Դա նշանակում է, որ երկիրը խաղաղությունը վերագտնելու ընթացքում է, եւ, հետեւաբար, տեղահանված բնակիչները պետք է վերադառնան:
Միաժամանակ սակայն, ռազմաքաղաքական իրավիճակը Սիրիայում առ այս պահը այն համոզումը չի փոխանցում, որ խաղաղության մեծ համաձայնությունը կայացել է: Իրավիճակը այնպիսին է, որ իրադրությունները համոզում են, որ համաձայնեցված տեղաշարժեր են արձանագրվում, որոշ տարածքներ ահաբեկչազերծվում եւ այլ աշխարհագրական միջավայրերում ծրագրավորված համախմբումներ եւ սահմանափակումներ են գրանցվում: Այլ խոսքով, գոտիների սահմանագծումները գերտերությունների առեւտրի պարունակում չեն վերջնականացել դեռեւս:
Մարդասիրական թվացող, ըստ էության, սակայն քաղաքական այն գործողությունները, որոնք վերաբերում են տեղահանվածներին եւ փախստականներին, թափ չեն հավաքում մինչեւ այն պահը, որ քաղաքական կանաչ լույսեր չեն վառել: Սիրիական հանգուցալուծման միջազգային պայմանավորվածության վերջնական տեսք ստանալը կնախանշվի զուգահեռ վերականգնման միջազգային աշխատանքներին:
Հետեւաբար, գոտիների շուրջ համաձայնությունը ենթադրում է պատերազմի ավարտ, որ ինքնին կնախանշի շինարարական հսկայածավալ աշխատանքների ձեռնարկում` միջազգային ընկերությունների ներգրավումով, զուգահեռ` միջազգային նկատելի օժանդակություններ փախստականների տունդարձի ծրագրերին նպաստող:
Արաբական վեհաժողովը այս հանգրվանին միջանկյալ դասավորումներ  է կատարում Լիբանանը փախստականներից բեռնաթափման ենթարկելու հայտարարություններով, բայց նաեւ այդ բոլորի համար բյուջե տրամադրելու հանձնառություններով:
Այս միտումներից թվում է, որ դժգոհ է Թել Ավիվը: Մինչ Դոհայի բարձրագույն մակարդակով մասնակցությունը, գործնական օժանդակության տպավորիչ փաստը վերլուծաբանական մոտեցումներում  չեն բացառում Անկարա-Դոհա համաձայնության վարկածը` նման քայլի դիմելու առումով: Դոհան Թեհրանի հետ բնականոն կապեր հաստատելու դիմաց ենթարկվել էր համաարաբական տարողությամբ մեկուսացման եւ մինչ այժմ գտնվում է նույն կարգավիճակում:
Ընդհանուր այս անհանգստությունը Թել Ավիվին մղում էր հարվածելու Սիրիայում գտնվող իրանյան հենակետերին եւ ավելի շեշտակի հայտարարելու, որ Իրանի դեմ իր գործողությունները թափ պիտի հավաքեն:
Այս նախադրյալները վերահամոզում են, որ սիրիական հանգուցալուծման վերջնական պայմանավորվածությունները ձգձգվելու իրականության առաջ են կանգնել: Մինչ այդ, Բեյրութը կարող է ֆինանսական հատկացումներ ստանալ, Դոհան ապամեկուսացման առումով քայլեր արձանագրել, Անկարան առավելը գրանցել Թել Ավիվի հաշվին, եւ Թել Ավիվը, իրանյան հենակետերին հարվածելով, սպառնալ տարածաշրջանը ապակայունացնելով։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search