#10YearChallenge. Թուրքիան մամուլի ազատության ինդեքսում հետընթաց է ունեցել
Վերջերս սոցիալական ցանցում մեծ թափ հավաքած «#10yearchallenge» հեշթեգով շարժումը, որի մասնակիցները տեղադրում են իրենց 2009 թվականի ու 2019 թվականների լուսանկարները՝ ցույց տալու համար իրենց արտաքինի փոփոխությունները 10 տարվա ընթացքում, համակել է այլ ոլորտներ ևս։
#10YearChallenge. Թուրքիան մամուլի ազատության ինդեքսում հետընթաց է ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 10 տարվա ընթացքում համաշխարհային մամուլի ազատության վերաբերյալ տեղի ունեցած փոփոխությունները ցույց տալու համար «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Այդ տվյալների համաձայն` եթե 2008թ. մամուլի ազատության վարկանիշում Թուրքիան 102-րդ հորիզոնականում էր, ապա 2018թ. 55 հորիզոնականով նահանջել է` զբաղեցնելով 157-րդ տեղը 180 երկրի շարքում:
Զեկույցում Թուրքիան բնութագրվում է որպես լրագրողների ամենամեծ բանտն աշխարհում:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով` 2008թ. 173 երկրի շարքում Թուրքիան Հայաստանի հետ միասին կիսում էր 102-րդ հորիզոնականը, իսկ 2007թ. 163թ. երկրի շարքում զբաղեցնում էր 101-րդ տեղը:
Ըստ տվյալների` Թուրքիան մի երկիր է, որտեղ բազաթիվ խախտումներ են գրանցվում մամուլի և խոսքի ազատության ուղղությամբ, սահմանափակված է խմբագրական անկախությունը, գրաքննությունը, ինքնագրաքննությունը և համացանցում ազատությունը արգելքների են հանդիպում և հանցանքներն անպատիժ են մնում:
Նշվում է, որ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո առավել սաստկացել են հետապնդումները ընդդիմադիր մամուլի նկատմամբ: Երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի շրջանակներում պատկան մարմինները ամեն ամիս տասնյակ լրատվամիջոցներ են փակում, իսկ ընդդիմադիր «ձայներին» ուղղորդում են դեպի ավելի քիչ վաճառվող թերթեր: