Վիեննայում մեկնարկել են 23-րդ Եվրո-հայկական խաղերը

18:43   31 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Համաեվրոպական միջոցառումը կազմակերպվել է Վիեննայի ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության կողմից  Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Արման Կիրակոսյանի և Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ:

«Արարատ» հայկական մարզական միության տարածած հաղորդագրության համաձայն,  Եվրո-հայկական խաղերին մասնակցելու նպատակով Վիեննա է ժամանել 55 պատվիրակություն, հյուրեր, մարզասերներ Եվրոպայի տարբեր երկրներց, իսկ մրցապայքարին կմասնակցեն ավելի քան 730 մարզիկ 15 երկրից:  Խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, նարդի և շախմատ, հանդես կգան կանանց, տղամարդկանց և պատանի մարզիկների թիմերը:

Միջոցառման հանդիսավոր բացումը մեկնարկել է Եվրոմիության, Ավստրիայի և Հայաստանի քայլերգերով, հայ հոգևորականների օրհնությամբ և հայկական պարերի ուղեկցությամբ:

Ըստ աղբյուրի, համաեվրոպական խաղերը նպատակ ունեն ամենամյա այս սպորտային միջոցառման շուրջ միավորել հայկական սփյուռքի եվրոպաբնակ հայ մարզիկներին, նրանց համակիրներին և հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Եվրոպահայերի մարզական խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում յուրաքանչյուր տարի Սուրբ Հարության՝ Զատիկի տոնին: Բացառություն են կազմում այն տարիները, երբ Հայաստանում կազմակերպվում են Համահայկական խաղեր:

ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության նախագահ Սեբուհ Բաղդոյանը խոսքով` «Հայերը միասնական պետք է ներկայանան աշխարհին ո’չ միայն հայրենի հողում, այլև երկրագնդի ցանկացած վայրում։ Սա եղել և մնում է մեր ուղերձը աշխարհին»։

Միջոցառման կայացման վայրը փոփոխական է և յուրաքանչյուր տարի որոշվում է Եվրո-հայկական խաղերի հանձնախմբի կողմից:  

 



© artsakhpress.am