Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները մտահոգիչ են:
Էրդողանը ցանկացած պահի կարող է լարել Հայաստան- Թուրքիա հարաբերությունները. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որի արդյունքներով «Այո»-ն ստացել է 50 տոկոսից ավելի ձայն:
Պարոն Էստուկյան, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում կիրակի տեղի ունեցած հանրաքվեն: Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ են սպասվում երկրի ներքաղաքական կյանքում:
Այս հանրաքվեով Թուրքիան ավելի մենատիրական համակարգ է դառնալու, խորհրդարանական համակարգից անցում կատարելով նախագահականին՝ Էրդողանն ավելի մեծ իրավասություն է ստանալու: Ժողովրդավարության առումով սա նահանջ է նշանակում, գիտենք, թե Էրդողանն ինչ տեսակ քաղաքական գործիչ է, այդ իսկ պատճառով այս հանրաքվեի արդյունքները մտահոգություն են պատճառում մեզ: Ուրախ չենք այս արդյունքով:
Հիմա ի՞նչ վիճակ է Թուրքիայում, արդյոք բողոքի ցույցեր են անցկացվո՞ւմ:
Վերջին հաշվով բոլորս էլ ստիպված ենք ընդունել այս արդյունքները, քանի որ հասարակության 51 տոկոսից ավելին կողմ է քվեարկել այս փոփոխություններին: Ստիպված ենք համակերպվել:
Այսօր արդեն Էրդողանը խոսել է մահապատժի մասին: Ի՞նչ է սա նշանակում. Թուրքիան հետընթա՞ց է ապրելու Սահմանադրական փոփոխություններից հետո:
Այո, այդպես ասել կարելի է: Առաջին հերթին Թուրքիայի ժողովրդավարությունը կապված էր Եվրամիության անդամակցման գործընթացի հետ, բայց այս գաղափարից հստակորեն կարելի է ասել՝ հեռանում ենք ոչ թե հենց այսօր, այլ այս ընթացքում որգեդրված քաղաքականության միջոցով, իսկ այս հանրաքվեով էլ վերջակետը դրվեց: Արդեն որոշված էր, որ Եվրամիության անդամակցության գաղափարից հետ կանգնեն, հետեւաբար, ժողովրդավարական սկզբունքների նահանջ ենք ապրելու, իսկ մահապատժի գաղափարն էլ սրա ամենաորոշակի փաստերից մեկն է: Մահապատիժը տարիներ առաջ վերացվել էր, սակայն Էրդողանը դարձյալ մտածում է այն վերականգնելու մասին: Չգիտեմ՝ մահապատիժը կվերականգնվի, թե ոչ, սակայն սա կոնկրետ նահանջ է նշանակում:
Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ առաջընթաց կարո՞ղ ենք ակնկալել:
Դրական բան ակնկալել պետք չէ. նախագահ Էրդողանը բավականին արկածախնդրություններ սիրող անձնավորություն է իր քաղաքական գործունեության մեջ, հետեւաբար, Թուրքիա- Հայաստան հարաբերությունների մեջ էլ նա կարող է ցանկացած պահի լարել իրավիճակը, ինքն այդ հանդգնությունն ունի:
Նշենք, որ Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններով խորհրդարանական կառավարման ձեւից անցում է կատարվում նախագահականի: Նախագահի լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են, վարչապետի պաշտոնը՝ վերացվում, իսկ նախագահն իրավունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարների, դատավորների եւ դատախազների կոլեգիայի անդամներին:
Խորհրդարանականների թիվը 550-ից 600 կդառնա, իսկ թեկնածություն կարող են առաջադրել 18 տարին լրացած քաղաքացիները՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն: Խորհրդարանի եւ նախագահի լիազորությունների ժամկետ է սահմանվում 5 տարին, բայց պետության ղեկավարը պաշտոնը կարող է ստանձնել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահի եւ պատգամավորների ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի նոյեմբերի 3-ին: