Սերբիայի նախագահը խոստացել է օրենքի գերիշխանություն ու կարգուկանոն ապահովել
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վույչիչը հայտարարել է, թե պատրաստ է երկրում ապահովել օրենքի գերիշխանություն ու կարգուկանոն՝ երեկվա միջադեպից հետո, երբ նրա հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել էին Սերբիայի պետական հեռուստաընկերություն՝ բողոքելով կողմնակալ լուսաբանման դեմ։
Սերբիայի նախագահը խոստացել է օրենքի գերիշխանություն ու կարգուկանոն ապահովել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ֆաշիստ, խուլիգան ու գող» որակելով ընդդիմույան առաջնորդներին՝ Վույչիչը խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր օրինազանցներին, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:
Ոստիկանությունը երեկ բռնի ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք հրաժարվել էին ինքնակամ լքել հեռուստատեսության շենքը և պահանջել էին իրենց ուղիղ եթերի հնարավորություն տալ:
«Սերբիան ժողովրդավարական երկիր է, օրենքի ու կարգուկանոնի, և կտա համարժեք արձագանք», ֊ հայտարարել է երկրի նախագահը:
Մինչ Վույչիչը նախագահական պալատից դիմել է ժողովրդին, շենքից դուրս քաշքշուկներ են սկսվել ոստիկանության ու ցուցարարների միջև: Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել հազարավոր ընդդիմադիրների դեմ, որոնք փորձել են կենդանի պատնեշ կազմել նախագահական նստավայրի շուրջ: Վույչիչը, մինչդեռ, պնդել է՝ իր դեմ բողոքողները մեծամասնություն չեն։ ֊ «Ընդամենը մի հազար մարդ կարծում է, թե իրավունք ունի որոշել երկրի ճակատագիրը», ֊ ասել է նա:
Նախագահի դեմ բողոքի ցույցերը սկսվել են անցած դեկտեմբերից։ Ընդդիմությունը նրան մեղադրում է բռնապետական կառավարման, խոսքի ազատությունը ճնշեկու և կոռուպցիայի մեջ: