Անցած տարվա ընթացքում ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության կողմից վարչական տույժ նշանակելու մասին կայացվել է թվով 1231 որոշում` 20 մլն դրամ ընդհանուր գումարով, որից գանձվել է 18 մլն 200 հազար դրամը կամ առաջադրվածի 91 %-ը:
Հարկային պարտավորությունների պատճառով Արցախում առաջին անգամ կիրառվել է սնանկացման գործընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է ԼՂՀ ՀՊԾ ղեկավար Արտակ Բալայանը, և հավելել, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել թվով 158 հայց` 788 մլն դրամ հայցապահանջով, նախորդ տարվա 250 հայցի և ներկայացված 726 մլն դրամ հայցագումարի դիմաց:
Ներկայացված հայցերի մասով (այդ թվում` նախորդ տարիներին) դատական մարմինների կողմից հաշվետու տարում կայացվել է 336 վճիռ` 1 մլրդ 334 մլն դրամ ընդհանուր գումարով, ընդ որում` 98.8 տոկոսը կամ 1 մլրդ 318 մլն դրամը բավարարվել է, 11.5 մլն դրամը` մարվել դատական գործընթացում, 1.4 մլն դրամը` մերժվել մասնակիորեն, 3.1 մլն դրամը` կարճվել, իսկ 106 մլն դրամ գումարով հայցապահանջները դեռևս գտնվում են դատական վարույթում:
ՀՊԾ պետն ընդգծեց, որ հարկային պարտավորություններ կուտակած հարկ վճարողների նկատմամբ առաջին անգամ կիրառվել է նաև սնանկացման գործընթաց: Մասնավորապես, դատարան է ներկայացվել պարտապան հարկ վճարողին սնանկ ճանաչելու վերաբերյալ 17 հայցադիմում` 761 մլն դրամ պարտավորության գումարով, որից 1-ը` ԼՂՀ Քրեական օրենսգրքին համապատասխան, կանխամտածված սնանկության փաստի առթիվ` մեղադրական եզրակացությամբ:
Հինգ հարկ վճարողների մասով` 418 մլն դրամ պարտավորության գումարով, կայացվել են սնանկ ճանաչելու վճիռներ, իսկ 12-ը գտնվում է դատական վարույթում: Արտակ Բալայանի խոսքով, համակարգում գործող գանգատարկման հանձնաժողովի կողմից քննվել է 3 դիմում-գանգատ` շուրջ 4.4 մլն դրամ գանգատարկվող գումարով, որոնց արդյունքում բավարարվել է 3.3 մլն դրամը կամ գանգատարկված գումարի 75 %-ը:
ԼՂՀ ՀՊԾ ղեկավարը նշեց նաև, որ հաշվետու տարվա ընթացքում զգալի աշխատանքներ են տարվել նաև հարկ վճարողների կուտակած պարտավորությունների նվազեցման ուղղությամբ` պարբերաբար ներկայացնելով՝ ծանուցումներ: