«Հովեր» պետական կամերային երգչախումբը նոր ձայնասկավառակ է թողարկել, որում ընդգրկված են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Սյունիի եւ ժամանակակից քսան հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունները:
«Հովեր»-ի 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը Կամերայինում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ bravo.am-ի փոխանցմամբ՝ Կամերային երաժշտության տանը երեկ կայացել է երգչախմբի 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
2012 թվականին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մի խումբ առաջատար երգիչներ միավորվել են «Հովեր-անսամբլ» ստեղծելու գաղափարի շուրջ: Կարճ ժամանակահատվածում անսամբլը հասել է հաջողությունների` հանդես գալով Գերմանիայի, Ֆրանսիայի, Թայվանի հեղինակավոր համերգասրահներում: Ինչպես նշել են անսամբլի երաժիշտները, երգացանկում ընդգրկել են հայ հոգեւոր եւ աշխարհիկ, ժամանակակից, նաեւ արեւմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ, երբեմն էլ անսամբլի կազմի երգիչներ Վահագն Բաբլոյանի եւ Արթուր Մանուկյանի անսամբլային մշակումները:
Այս տարվա հունվարի 22-ից «Հովեր» անսամբլը մենահամերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Էստոնիայում, որոնք կայացել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Շրջագայությունն անցկացվել է անսամբլի մենակատարների կազմով:
«Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նշել է, որ ձայնասկավառակում յուրաքանչյուր հեղինակից ներառել են մեկական ստեղծագործություն.“Մեր երկարամյա գործունեության ընթացքում միշտ ներկայացրել ենք հայ հեղինակներին: Արտերկրյա համերգների ընթացքում հնչել են Կոմիտասի պատարագից հատվածներ, կոմիտասյան աշխարհիկ երաժշտություն եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»:
«Հովեր»-ի 7-րդ ձայնասկավառակը լույս է տեսել 100 օրինակով` թողարկվելով խմբի համերգներից գոյացած միջոցներով, եւ դեռեւս վաճառքում չկա: Սոնա Հովհաննիսյանը չի բացառել, որ առաջիկայում այն կարտադրվի մեծածավալ քանակությամբ եւ վաճառքի կհանվի տարբեր երկրներում: