Բուլղարիայի Հայերի Միությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որով նա խորհրդարանից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները:
Բուլղարիայի Հայերի Միությունը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԲՀՄ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Թուրքիայի Հանրապետությունը, ի դեմս իր իշխանությունների, ևս մեկ անգամ ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ չընդունելով Հայաստանի կողմից հաշտության սկիզբ դնելու համար պարզված ձեռքը, անմիջական հետևորդն ու շարունակողն է իր նախնիների, ովքեր ծրագրեցին և իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը: Միանշանակորեն տեղին և արդարացված է Հայաստանի նախագահի քայլը, քանի որ Թուրքիան իր նախնիների կողմից կատարած հանցագործության համար ոչ միայն զղջումի ու ապաշխարության փորձ չի անում, այլ, ընդհակառակը, ավելի ու ավելի է հզորացնում հակահայ քաղաքականությունն ու Ցեղասպանության հանդեպ որդեգրած ժխտողականությունը:
Բոլորս ականատես ենք, թե ինչ լկտիությամբ թուրքական իշխանությունները փորձում են սրբապղծել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ապրիլի 24-ին, երբ ողջ հայությունը պիտի ոգեկոչի Մեծ Եղեռնի Հարյուրամյակը, կազմակերպում են մեծ տոնակատարություններ՝ նվիրված Գալիպոլիի ճակատամարտին: Գրեթե ամեն օր թուրք պաշտոնյաները օգտագործում են ամեն տեսակ առիթներ, որպեսզի ստելով և խեղաթյուրելով պատմությունը, ժխտեն Հայոց ցեղասպանության փաստը և որևէ կերպ չեն ցանկանում ընդունել իրենց պատասխանատվության բաժինը:
Հայ-թուրքական հարաբերություններում, հենց Թուրքիայի անթաքույց ցանկությամբ, օրակարգ էր բերվել նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքիան, բոլոր միջոցներով անմիջականորեն աջակցելով և պաշտպանելով Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությանը, որը առանց թաքցնելու վարում է հայատյաց քաղաքականություն, ամեն օր հարյուրավոր անգամներ խախտում է հրադադարի ռեժիմը՝ վտանգելով թե՛ հայ զինվորների, և թե՛ հասարակ քաղաքացիների կյանքը, միանշանակորեն ապացուցել է, որ գոնե այս պահին անիմաստ և ժամանակի կորուստ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին խոսելն անգամ:
Բուլղարիայի Հայերի Միությունը հուսով է, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուն կհետևի Հայաստանի Հանրապետության ստորագրության հետ վերցնելը այդ արձանագրություններից»,-ասված է ԲՀՄ տարածած հաղորդագրության մեջ: