Միացյալ Նահանգները բազմիցս կողմերին կոչ է արել հետեւել միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքներին՝ թույլատրելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին տեսակցել բանտարկված ու կալանավորված անձանց:
Անհրաժեշտ է հետաքննել բանտերում գերիների մահվան դեպքերը. Ուորլիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաքվում գտնվող ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հարցը:
«Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ռուս համանախագահների հետ մենք Ադրբեջանի մոտ առաջ քաշեցինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների կողմից պարոն Բաղդասարյանին տեսակցելու հարցը»,-նշել է Ուորլիքը:
Անդրադառնալով Ադրբեջանի բանտերում հայ գերիների մահվան դեպքերին վերաբերող հարցին, ամերիկացի համանախագահը հայտարարել է. «Միացյալ Նահանգները նաեւ կոչ է արել անցկացնել քննություն բանտարկված ու կալանավորված անձանց մահվան փաստերով, այդ թվում՝ անցած ամռանը գրանցված Կարեն Պետրոսյանի մահվան դեպքով»:
Նրա խոսքով՝ նախկինում, կողմերը գտել են բանտարկված ու կալանավորված անձանց վերադարձնելու ուղի: «Հուսով ենք, որ հումանիտար պրակտիկան կշարունակվի»,-ամփոփել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են ԼՂՀՀ-ում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտության մասին: