Այսօր՝ հունիսի 17-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կայացել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը, որը ազգային երգ-երաժշտության ինքնատիպ քարոզչություն է:
Ստեփանակերտում կազմակերպվել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը (լուսանկարներ)
Մրցույթում ընդգրկված էին 97 մասնակիցներ, որոնցից 64-ը՝ անհատ կատարողներ, 33-ը՝ խմբային:
Մրցույթի մասնակիցները ներկայացրել են Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը և ԱՀ երաժշտական և արվեստի դպրոցները:
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում իրենց ուժերը փորձեցին կրտսեր տարիքային խմբի մասնակիցները:
«Այսօրվա ազգային նվագարանների մրցույթը թվով երրորդն է, որը հիմնականում միտված է ժողգործիքների հանրահռչակմանը, տարածմանը և պահպանմանը»,- «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի պետ Ապրես Մարգարյանը:
Նա հավելեց նաև, որ մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած անհատ կատարողները կմասնակցեն 2021թ հոկտեմբերին Երևանում կայանալիք ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 6֊րդ մրցույթին։ Ճարտարի արվեստի դպրոցի շրջանավարտ Սաթենիկ Պողոսյանը հաճախակի է մասնակցում այսպիսի մրցույթների և ելույթ ունենալիս այլևս չի հուզվում:
«Պատրաստվում եմ շարունակել զբաղվել երաժշտությամբ և անպայման ապրել ու արարել Արցախում», - մեզ հետ զրույցում ասաց Սաթենիկը: