ՀՀ–ում, ՀՌՕ ռուսական ռազմակայանի Երևանի և Գյումրու կայազորների ռազմական քաղաքներում Առողջության միասնական օր է անցկացվել։ Միջոցառումներին մասնակցել է ավելի քան 2,5 հազար զինծառայող, նրանց ընտանիքի անդամներն ու ռուսական զորամասերի քաղաքացիական անձնակազմը:
Հայաստանում, ՀՌՕ–ի ռուսական ռազմակայանում Առողջության միասնական օր է անցկացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՌՕ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վաղ առավոտյան մեկնարկել է «Ժամանակն է լինել առողջ» ակցիան, որի ժամանակ զորամասերի անձնակազմը ֆիզիկական վարժություններ է կատարել և հանձնել է ֆիզիկական պատրաստվածության նորմատիվներ։ Օրվա ընթացքում մարզական համալիրներում անցկացվել են էստաֆետներ, մարզախաղեր և մարզական–զանգվածային միջոցառումներ։ ՌԴ ՊՆ ռուսական դպրոցի աշակերտները ևս մասնակցել են մարզական էստաֆետներին և վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի խաղերին։
Բացի մարզական միջոցառումներից, սպայի տան ակումբում Ռազմական կլինիկական հոսպիտալի 1602–րդ կառուցվածքային ստորաբաժանման բուժանձնակազմը դասախոսություններ է կարդացել ռուսական ռազմակայանի զինծառայողների համար հետևյալ թեմաներով` «Պահպանեք սիրտը երիտասարդ տարիքից», «Ժամանակն է թողնել ծխելը» և «Ժամանակն է զբաղվել սպորտով»։ Դասախոսությունների ընթացքում ռազմական բժիշկները պատմել են ծխելու վնասակարության, ծխախոտի կախվածությունից բուժվելու և սիրտ–անոթային տարբեր հիվանդությունների մասին։
Առողջության միասնական օրն անցկացվում է ՀՌՕ ռազմակայանում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և քաղաքացիական անձնակազմի համար` առողջ կենսակերպ սերմանելու, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմաններ ստեղծելու և զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու նպատակով։