Այսօր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, վաղ առավոտից հազարավոր քաղաքացիներ քայլում են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու` 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
Ստեփանակերտում հարգել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ, առավոտյան հուշահամալիր են այցելել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պետական այրեր և հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նորակառույց զանգակատուն-հուշակոթողին:
Ի հիշատակ՝ Ցեղասպանության անմեղ զոհերի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատուն-հուշակոթողի մոտ տեղի է ունեցել նաև ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություն:
Նշենք նաև, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված` միջոցառումներ են անցկացվել նաև Արցախի բոլոր շրջաններում: