Մայիսի 3-ին Արցախում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Մեքսիկայի համալսարանից Արցախ են ժամանել պրոֆեսոր Գարսիա Ռոդրիգո Գոմեզը և գիտությունների թեկնածու Կառլոս Անթառամյանը:
Առանձնահատուկ ոչինչ չեմ նկատել, ամեն ինչ ընթանում է իր հունով. Գարսիա Ռոդրիգո Գոմեզ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քաղաքական մշակույթի մասնագետ Գարսիա Ռոդրիգո Գոմեզը նշեց, որ առաջին անգամ է Արցախում, որպես դիտորդ։ «Այս պահի դրությամբ առանձնահատուկ ոչինչ չեմ նկատել, ամեն ինչ ընթանում է իր հունով, և երևում է, որ ընտրությունները ժողովրդավարական է լինելու։ Նշեմ, որ հանձնաժողովի աշխատողները փորձառու են։ Տեսնում ենք, որ քաղաքի տարբեր մասերում կախված են կուսակցությունների և թեկնածուների պաստառները, որոնք միանգամից աչքի են զառնվում»,- ասաց մեքսիկացի պրոֆեսորը` հավելելով, որ իրեն շատ դուր է եկել նաև Ստեփանակերտն, որը շատ մաքուր քաղաք է։
Կառլոս Անթառամյանի խոսքով արդեն երրորդ անգամ է Արցախում։ «Մենք միշտ հետևողական ենք լինում թե ինչ է ընդհանրապես կատարվում Արցախում, սակայն առավել շատ հետևում ենք քաղաքական ոլորտին, և հիմնականում ծանոթանում ենք հայկական Սփյուռքի միջոցով։ Ես առաջին անգամ եմ մասնակցում, որպես դիտորդ։ Մեզ համար շատ կարևոր է, որ Արցախում ընտրությունները շատ բարձր մակարդակով են ընթանում և ժողովրդավարական սկզբունքներով»,-ասաց Անթառամյանը` ավելացնելով, որ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից։