Տորոնտոյի Altaspera հրատարակչությունում /գլխավոր խմբագիր -Բորիս Կրիգեր/ լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի «Պատերազմը ազգանուններ չի հարցնում» վերնագրով գիրքը, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակները և պատմվածքները:
Կանադայում լույս է տեսել արցախցի գրողի գիրքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գրքում հայրենի երկրում ընթացող պատերազմի մասին ստեղծագործություններ են։
Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց արցախցի գրող Աշոտ Բեգլարյանը , ստեղծագործությունների սյուժեները իրական են, բազմակողմանի փոխանցում են պատերազմի և հետպատերազմյան տարիների մթնոլորտը:
Հեղինակը, ով մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը, գեղարվեստորեն ընդհանրացնում է իրադարձությունները, պատերազմը ներկայացնում հոգեբանական և սոցիալական տեսանկյուններից` ստեղծելով տիպիկ կերպարներ: Նրա հերոսները պայքարում են ոչ միայն պատերազմի և այլ չար դրսևորումների դեմ, այլ թվում է, թե մարտահրավեր են նետում նույնիսկ ճակատագրին: Ժողովածուում տեղ են գտել նաև մի քանի փիլիսոփայական պատմվածքներ:
Աշոտ Բեգլարյանը Արցախի և Հայաստանի գրողների միության անդամ է, մի քանի գրքերի հեղինակ, մի շարք լրագրողական և գրական միջազգային մրցանակների դափնեկիր: Նրա ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսիայում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում՝ թարգմանվելով տարբեր լեզուներով: