Ադրբեջանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի նկատմամբ դատ կոչվող ներկայացումը։
Ադրբեջանում շարունակվում է Արսեն Բաղդասարյանի նկատմամբ դատ կոչվող ներկայացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Գյանջայի վերաքննիչ դատարանում կայացել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի վճիռը բեկանելու հարցով Արսեն Բաղդասարյանի բողոքի նախնական լսումները։ Դատական նիստում, որն ընթացել է դատավոր Թեյուբ Մուխթարովի նախագահությամբ, որոշվել է դատական լսումները նշանակել հունիսի 15-ին։
Հիշեցնենք, որ Գյանջայի դատարանի վճռով Արսեն Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։
Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու) հոդվածներով։
Ադրբեջանի իշխանությունների գործողությունները պատասխան էին Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի կալանավորման եւ դատապարտման, որոնք ձերբակալվել էին զենքները ձեռքներին եւ դատարանում իրենց մեղքը չէին հերքել: