Համահայկական 6-րդ ամառային խաղերի կրակը մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց հասավ Քարավաճառ:
Համահայկական խաղերի կրակը հասել է Քարվաճառ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ : Քարվաճառի Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի տարածքում, հայոց բերդաքաղաքից բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն Պողոսյանին փոխանցեց սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը: Ջահակիրը և տարածքը պատահաբար չէին ընտրված:
«Այստեղ հավաքվելով՝ մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք տերն ենք մեր հաղթանակների: Համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի լավագույն դրսևորումներից մեկն են: Հենց այս տարածքում ջահի փոխանցմամբ մենք ասում ենք, որ բանակը միշտ հասարակության հետ է և ունի փայլուն ապագա»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
Լևոնը, ընդունելով ջահը, նշեց, որ հստակ գիտակցում է, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի ջահակիրը: «Ջահակիրը պետք է լինի հայրենասեր ու առույգ», - ասել է փոքրիկ զինվորն ու առանց վայրկյան անգամ կանգ առնելու վազել դեպի Վարդենիս տանող մայրուղով: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի հաջորդ կանգառը Վարդենիսն է: Մրցումներ անցկացվելու են նաև Լեռնային Ղարաբաղում: Արցախցի մարզիկները վստահ են` խաղերում պարտվողներ չեն լինելու, կարևորը մասնակցությունն ու միասնությունն է: Իսկ գլխավոր հաղթանակն արդեն տարել են Արցախյան հերոսամարտում:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինիֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: