Այսօր Ստեփանակերտի հ. 11 դպրոցի և Գրիգոր Նարեկացի համալսարանի քննական կենտրոններում տեղի է ունեցել ֆիզիկա առարկայի միասնական քննությունը, որին հայտագրված են 122 աշակերտ:
ԳԹԿ ներկայացուցիչը դժգոհ է միասնական քննության արդյունքներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Մետաքսե Հակոբյանը նշել է, որ սա թվով երրորդ միասնական քննությունն է, և յուրաքանչյուր քննության համար նախատեսված է 3 ժամ։ Մ. Հակոբյանի խոսքով քննության ընթացքը բավականին հանգիստ է եղել, և որևէ դժգոհություն չկար։
Անդրադառնալով արդեն անցկացված քննությունների արդյունքներին՝ ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալը նշել է, որ ընդհանուր առմամբ արդյունքները գոհացուցիչ չեն, քանի որ մեծ է անբավարար գնահատական ստացած աշակերտների թիվը:
«Կենսաբանություն առարկայից հայտագրված 78 աշակերտներից անբավարար գնահատական է ստացել 36-ը, իսկ Մարտունու շրջանի Գիշի գյուղից սմի դիմորդ տացել է 20 միավոր։ Աշխարհագրություն առարկայից հայտագրված 23 աշակերտներից անբավարար գնահատական է ստացել 8-ը, ընդհանուր պատմությունից՝ 15, անբավարար՝ 3-ը»,-ասել է Մ. Հակոբյանը և հավելել, որ հայոց լեզու և գրականություն առարկաների քննությունների արդյունքները դեռևս հայտնի չեն։
ԳԹԿ տնօրենի տեղակալի խոսքով՝ անբավարար գնահատականներ ստացածները բացարձակապես իրավունք չունեն քննություններ վերահանձնելու։
«Այն հայտագրվածները, ովքեր Ա մասը անբավարար են ստացել, իրավունք ունեն իրենց դպրոցում օգոստոսին քննությունը վերահանձնել որպեսզի կարողանան ստանալ ատեստատ»,- նշել է Մ. Հակոբյանը և ավելացրել, որ լրացուցիչ քննություններին հայտագրվում են նրանք, ովքեր բացակայել են հիվանդության, հանրապետությունից դուրս լինելու, կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու պատճառներով։
Նշենք նաև, որ հունիսի 2-ին կայացել է երեք առարկաներից քննություն: Կենսաբանություն առարկայից հայտագրված էր 78 դիմորդ, աշխարհագրություն առարկայից` 23, ընդհանուր պատմությունից` 16, իսկ հունիսի 5-ին հայոց լեզու և գրականություն առարկայից, որին հայտագրված էր 528 աշակերտ։