Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումը ոչնչացրել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքի և կենդանիների 70 տոկոսին:
Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին հնարավոր է ժամանակավորապես տեղափոխեն Երևան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ջրի մակարդակի երեք մետր բարձրանալու հետևանքով`Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցներից երեքը մահացել են. նրանցից մեկը փրկում էր կենդանիներին: Երևանի կենդանաբանական այգուց Թբիլիսիի կենդանաբանական այգի օգնության է մեկնել չորս աշխատակից՝ կենդանաբույժ, կուրատոր, սմբակավորների և գիշատիչների բաժնի պատասխանատուներ` իրենց հետ են տանելով թմրեցնող դեղորայք` կենդանաբուժական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները Թբիլիսիում զբաղված են որոնողական աշխատանքներով, կենդանիների հետքեր գտնելու դեպքում կազմում են խմբեր և գնում կոնկրետ ուղղություններով. դեռևս հաջողվել է գտնել փախած արջերից մեկին և քնեցնել: Բացի այդ` Երևանում քննարկվում է հավելյալ օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաև Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին որոշ ժամանակով Երևանի կենդանաբանական այգում պահելու տարբերակը»,- նշված է Երևանի կենդանաբանական այգու տեղեկության մեջ:
Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։
Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով զոհվել 14, իսկ անհետ կորել է 24 բնակիչ: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ: Բացի այդ` Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։