Թուրքիայում սպանված անվանի հայազգի լրագրող Հրանտ Դինքի գործով հետաքննություն կարող է սկսվել՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ
Դինքի սպանության գործով դատարանի առաջ կարող են կանգնել բարձրաստիճան պաշտոնյաներ
Թուրքիայում սպանված անվանի հայազգի լրագրող Հրանտ Դինքի գործով հետաքննություն կարող է սկսվել՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ, հայտնում է «Արցախպրես»-ը` հղում անելով Hurriyet-ին:
Դինքերի փաստաբան Հասան Բաքիրջիօղլուն ասել է, որ դա հնարավոր է դարձել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո:
Նրանց կմեղադրեն անփութության կամ դիտավորություն ցուցաբերելու համար: Պաշտոնյաների թվում են Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթիբ Ջերան, Ստամբուլի ոստիկանության Հետախուզության ստորաբաժանման նախկին ղեկավար Ահմեթե Իլհան Գյուլերը և 6 այլ պաշտոնյաներ:
Դինքի սպանությունը տեղի էր ունեցել 2007-ի հունվարի 19-ին: Մարդասպանը՝ Օգյուն Սամասթը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման: Սակայն Դինքերի ընտանիքը դժգոհ էր մնացել հետաքննությունից և դատավարության անցկացումից:
Դինքի գործով դատավարությունը, աղբյուրի բնորոշմամբ, վերաճել էր էլ ավելի մեծ սկանդալի, երբ հայտնի էր դարձել, որ անվտանգության ուժերին հայտնի է եղել Դինքի դեմ նախապատրաստվող դավադրության մասին: