Ադրբեջանի բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների զոհվելու դեպք է տեղի ունեցել:
Ադրբեջանի բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների զոհվելու դեպք է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ report.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հյուսիսարեւմտյան Կախի-Շաքի ավտոճանապարհին «Նիվա» եւ «Մերսեդես» ավտոմեքենաների բախման հետեւանքով մեքենաների մեջ եղած բոլոր 5 ուղեւորները տեղում զոհվել են:
Կայքը հայտնում է, որ «Նիվա» ավտոմեքենայում են գտնվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պայմանագրային զինծառայողներ, կրտսեր ենթասպաներ Աբբասով Մաարիֆ Ալիջան օղլուն, Նիֆթիեւ Աջդար Փաշա օղլուն եւ Շամիլլի Անար Իխտիյար օղլուն: Վթարը տեղի է ունեցել զինծառայողների ավտոմեքենայի բարձր արագությամբ ընթանալու պատճառով:
Այսպիսով, 2015 թվականի հունիսի ընթացքում ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը կազմում է 8 զինծառայող:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 79 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր: