Բախվելով Թուրքիայում նոր կառավարություն ձեւավորելու խնդրի բարդություններին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է արտահերթ ընտրություններ անցկացնել։
Էրդողանը սպառնում է ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նա կարծում է, որ շատ հնարավոր է, որ կառավարության ձեւավորումը ձգձգվի մինչեւ օգոստոսի կես, ինչը նրա կարծիքով անթույլատրելի է։ «Ես կարծում եմ, որ Թուրքիան չի կարող իրեն ժամանակի նման կորուստ թույլ տալ»,- հայտարարել է Էրդողանը՝ կոչ անելով հնարավորինս արագ կառավարություն ձեւավորել, գրում է taz.de գերմանական պարբերականը։
Ըստ Էրդողանի, եթե քաղաքական գործիչներն ի վիճակի չեն այդ խնդիրը լուծելու, ուրեմն պետք է ժողովուրդը լուծի։ Նախագահը սպառնացել է ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել, եթե նոր կառավարությունը չձեւավորվի 6 շաբաթվա ընթացքում։
Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո դեռ պարզ չէ, թե ինչ տեսք է ունենալու նոր կառավարությունը։ Էրդողանի իսլամիստական պահպանողական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում կորցրեց բացարձակ մեծամասնությունը եւ այս պահին կոալիցիոն գործընկերոջ կարիք ունի։ Առանց կոալիցիա ձեւավորելու անհնար է արդյունավետ ղեկավարող կառավարություն կազմել։ Սակայն դժվար է պատկերացնել, թե որ մի քաղաքական ուժը կցանկանա Էրդողանի AKP-ի հետ կոալիցիա կազմել։Թուրքիայի խորհրդարանում 3 ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են դաշինք կազմել Էրդողանի AKP կուսակցության հետ։ Երեքշաբթի Թուրքիայի առաջին գումարման նոր խորհրդարանը իր առաջին նիստը կհրավիրի։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (CHP) ՝ 25 տոկոս, Ազգայնական շարժումը (MHP)՝ 16.3 տոկոս, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP)՝ 13,1 տոկոս: