2015թ. հունիսի 28-ից հուլիսի 5-ը Արցախում 4-րդ անգամ կկազմակերպվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն պատանի կատարողներ աշխարհի 11 երկրներից` Իտալիայից, Սլովենիայից, Բոսնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սինգապուրից, Նիդեռլանդներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից:
Արցախում 4-րդ անգամ կկազմակերպվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության փոխանցմամբ՝ փառատոնի շրջանակներում մասնակիցները հանդես կգան անհատ կատարումներով, անսամբլներում և նվագախմբի հետ: Փառատոնային համերգները կկազմակերպվեն Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Բերձոր, Ճարտար քաղաքներում:
Փառատոնի օրերին Գերմանիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից ու Նիդեռլանդներից հրավիրված ճանաչված դասատուների կողմից կտրվեն դաշնամուրի, ջութակի և կլառնետի վարպետության դասեր:
«Տնջրե» փառատոնի նպատակն է՝ խթանել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացումը, արցախցի երիտասարդ երաժիշտներին հաղորդակից դարձնել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին, նպաստել տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի հաստատմանը:
«Տնջրե» փառատոնի խորհրդանիշը Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող պատմական
սոսի /ղրբ. բարբառով՝տնջրե/ 2000-ամյա ծառն է:
«Տնջրե» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2010թ.-ին, այնուհետև՝ 2011, 2013թթ.: Փառատոնի կազմակերպիչն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
«Տնջրե» 4-րդ միջազգային փառատոնի հովանավորներն են «Բեյզ Մեթըլս», «Վալլեքս», «Ֆլորենս», «Ռեյպսիդ», «Ռոսիա» և «Արարար-Գոհար» ընկերությունները